Հնդկաստանում 11-ամյա մի աղջկա մոտ հայտնաբերել է հազվագյուտ բժշկական վիճակ՝ հեմոլակրիա: Ըստ Science Alert -ի՝ դրա պատճառով երեխան լաց է լինում արյունոտ արցունքներով:
Աղջկա մայրը, որը ցանկացել է անանուն մնալ, Նյու Դելիում գտնվող Հնդկաստանի բժշկական գիտությունների ինստիտուտի մասնագետներին ասել է, որ դուստրը հանկարծ սկսել է լաց լինել արյունոտ արցունքներով, և դա պատահել է ամեն օր երկու կամ երեք անգամ մի քանի րոպեով: Աղջիկը չի բողոքում ցավից և ուժեղ հույզեր չի ունեցել, արցունքները հենց այնպես են հոսել: Դրանից առաջ երեխան հիվանդություններ կամ վնասվածքներ չի ունեցել:
«Ես վախենում եմ իմ դստեր առողջության համար: Ինձ վախեցնում է, որ նա աչքերից արյուն է հոսում: Հուսով եմ, որ հետագայում դա կանցնի»,- բժիշկներին ասել է աղջկա մայրը:
Բժիշկներն ուշադիր զննել են աղջկան, նա բազմաթիվ անալիզներ է հանձնել: Անալիզները ցույց են տվել, որ նրա մոտ առողջ մարդու պես ամեն ինչ կարգին է: Բժիշկները դեռևս չեն կարող որոշել, թե ինչ է կատարվում երեխայի հետ, բայց մինչ նա կլինիկայում էր, նա շարունակում էր արյունոտ արցունքներով լաց լինել:
Նշենք, որ հեմոլակրիան հազվադեպ վիճակ է, որի պատճառները կարող են բազմազան լինել: Երբեմն դա առաջանում է հեմոֆիլիայի կամ Ռանդյու-Օսլերի հիվանդության պատճառով: Արյունոտ արցունքները կարող են նաև որոշակի դեղամիջոցներ ընդունելու կողմնակի ազդեցություն լինել: Կան դեպքեր, երբ հեմոլակրիան հանկարծակի սկսվել է, և այնուհետև նույնպես հանկարծակի ավարտվել:
Աղբյուրը՝ shantnews.am