Ամերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանությունները զարհուրելի մի տեսագրություն են հրապարակել, որում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ ներխուժում Walmart ցանցի փակ հիպերմարկետներից մեկն ու այնտեղից մոտ 100 000 դոլարի ապրանք գողանում, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ի գիշերը Տամպա քաղաքում և դրա հարակից շրջաններում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցերի ընթացքում։
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է հիմնականում սևամորթներից բաղկացած հսկայական խումբը ներխուժում հիպերմարկետ և ագահորեն իրեր՝ հիմնականում էլեկտրոնիկա գողանում։ Կողոպտիչներից ոմանք դիմակ են կրում, որպեսզի խանութի տեսախցիկները չֆիքսեն նրանց դեմքերը, ոմանք էլ ինքնամոռաց իրենց «գործն» են անում՝ մոռանալով տեսախցիկներից «պաշտպանության» մասին։
Հայտնի է, որ Հիլսբորո շրջանի շերիֆի գրասենյակը հասարակությանը կոչ է արել օգնել կողոպտիչներին բացահայտելու գործում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել մայիսի 25-ին սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։
Մանրամասներն այստեղ