«Արձագանքի չեմ էլ սպասում». ինչու է Վարդան Սարգսյանը վիրավորվել Ռաշամի Դեսայից

Հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը, ով անցած տարի կազմակերպել էր հնդկահայկական համերգ ու հնդիկ հայտնի դերասաններին հրավիրել Հայաստան, բազմիցս խոսել է դերասանուհի Ռաշամի Դեսայի հետ մտերմության մասին, սակայն վերջերս նա իր ինստագրամյան էջում տեղեկացրել էր, որ վերջինս Ինստագրամում այլևս չի հետևում իրեն։

Tert.am Life-ի հետ զրույցում Վարդանն ասաց, որ ցանկություն է ունեցել նկարահանել «Աղջիկները շատ տարբեր են» հոլովակի շարունակությունը, որի երկրորդ մասում ևս պետք է նկարահանվեր Ռաշամի Դեսային:

«Երբ Ռաշամին Հայաստանում էր, առաջարկել էի նրան, սիրով համաձայնել էր: Հիմա նա ունի նոր պրոդյուսեր, ով զբաղվում է նրա պաշտոնական էջերով,- ասաց Վարդանն ու պարզաբանեց, որ իրենց միջև որևէ խնդիր չի եղել։ -Օրեր առաջ նկատեցի, որ Ռաշամին ինձ չի հետևում ինստագրամում, ինչից զարմացա: Ինստագրամում հրապարակում արեցի` գրելով, որ չեմ հասկացել` ինչու ինձ չի հետևում: Իր հայ և հնդիկ երկրպագուներից շատերն արձագանքեցին, բայց Ռաշամիի կողմից արձագանք չեղավ: Անկեղծ ասած, արձագանքի չեմ էլ սպասում»:

Վարդանի խոսքով` Ռաշամիի հետ համատեղ տեսահոլովակ ունենալու ցանկություն այլևս չունի. «Ամեն մարդ ինքն է որոշում ընկեր լինել տվյալ մարդուն, թե` ոչ: Ես շատ նվիրվող մարդ եմ, բայց երբ նույնը դիմացինից չեմ տեսնում, մեր միջև պատ եմ դնում»:

tert.am