Շանհայում վերաբացվել է «Դիսնեյլենդ»-ը. այգու մուտքի տոմսերը սպառվել են հաշված րոպեների ընթացքում

Չինաստանում կարանտինային ռեժիմի թուլացման ֆոնին երկուշաբթի վերաբացվել է Շանհայի «Դիսնեյլենդ» զվարճանքների թեմատիկ այգին: Հատկանշական է, որ այգու մուտքի տոմսերն ուրբաթ օրը վաճառքի հանվելուց հետո րոպեների ընթացքում ամբողջությամբ սպառվել են, հայտնում է scmp.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Ասիայում ամենամեծ զվարճանքների հանգստյան գոտու առաջին այցելուներն այսօր առավոտյան 9։30-ին դարպասների բացվելուն պես այգի են մտել։ Նշվում է, որ 2018 թվականին մոտ 11,8 միլիոն այցելու ընդունած այգին, անվտանգության նկատառումներով պայմանավորված, առայժմ կընդունի օրական 80 000 այցելու, որոնք պետք է խստագույնս պահեն սոցիալական հեռավորության բոլոր կանոնները։

Առցանց եղանակով տոմսեր ձեռք բերած քաղաքացիների խոսքով՝ այցելուների քիչ քանակության շնորհիվ մարդիկ կարողանում են էլ ավելի լավ վայելել ատրակցիոնները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ամերիկյան Walt Disney ընկերության գլխավոր տնօրեն Բոբ Չափեքն ավելի վաղ հայտարարել էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով իր գործունեությունը դադարեցրած Շանհայի «Դիսնեյլենդ» զվարճանքների թեմատիկ այգու աշխատանքների վերսկսման մասին։

Զվարճանքների կենտրոնը կհետևի չինական կառավարության ցուցումներին և այցելուներին նախքան այգի մտնելը կջերմաչափի, կօգտագործի նաև մարդկանց շփումներին հետևելու համար նախատեսված հավելվածը, մուտքի, յուրաքանչյուր ատրակցիոնի մոտ հասանելի կլինեն ախտահանիչ միջոցներ, խստացված ռեժիմով ախտահանում կիրականացվի, այցելուներին նաև դիմակներ կբաժանվեն։

Tert.am