«Մենք գիտենք՝ ինչ կերպ ու ինչ եղանակներով են այդ պատվերները հասնում դատավորներին, և կգա ժամանակը՝ կներկայացվեն անուններ». Հայկ Ալումյան

«Ինչպես հայտնի է, առաջին ատյանի դատարանը 2 ամսով երկարացրել էր ՀՀ երկրորդ նախագան Ռոբորտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը՝ համարելով, որ առկա է հիմնավոր կասկած, որ վերջինս կարող է կատարած լինել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված արարք, այսինքն՝ սահմանադրական կարգի տապալում, և առկա է վտանգ, որ մնալով ազատության մեջ՝ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը։

Միաժամանակ առաջին ատյանի դատարանը փաստել էր, որ անգամ հիմնավոր կասկածի մակարդակով առկա չեն նյութեր, որոնք կխոսեին այն մասին, որ պարոն Քոչարյանը կարող էր կատարած լինել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու՝ իրեն մեղսագրվող հանցանքը, միաժամանակ առաջին ատյանի դատարանը փաստել էր, որ առկա չէ վտանգ, որ մնալով ազատության մեջ՝ Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել էր՝ ինչպես իրենց կողմից, այնպես էլ՝ դատախազի կողմից։

Վերջինս պահանջել է, որ Վերաքննիչ դատարանը նախ ճանաչի, որ առկա է հիմնավոր կասկած, որ պարոն Քոչարյանը ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, և փաստի, որ առկա է վտանգ, որ 2-րդ նախագահը կարող է թաքնվել քննությունից։

Վերաքննիչ դատարանը երեկ, ինչպես հայտնի է, մերժեց երկու բողոքն էլ։

Ըստ Հայկ Ալումյանի՝ երեկվա տեղի ունեցածն իրավաբանական տեսանկյունից կոպտագույն խախտում է ներկայացնում, քանի որ Վերաքննիչ դատարանն իր երեկվա վճռով խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ, որովհետև իրենց յուրաքանչյուր փաստարկն առանձին վերցրած՝ բավական էր, որ նախագահ Քոչարյանն անմիջապես ազատ արձակվեր։

«Ինչպես ասաց պարոն Քոչարյանը դեռ դատավարության ժամանակ, մենք, իհարկե, չենք կարող ակնկալել, որ այս գործով դատավորը պետք է հերոս լինի, իսկ այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորն այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում, հետևաբար՝ մենք չենք կարծում, որ այս փուլում դատավորը կարող է իրականացնել իրական արդարադատություն՝ հաշվի առնելով այն հանգամանքները, թե ինչ ճնշումներ են գործադրվում այս գործով»,- Ռոբերտ Քոչարյանի խոսքերը մեջբերեց փաստաբանը։

Նա ասաց նաև, որ իրենց արդեն տեղեկություններ են հասնում, թե ինչ կերպ ու ինչ եղանակներով են այդ պատվերները հասնում դատավորներին, և կգա ժամանակը, որ դա կներկայացվի, կներկայացվեն անուններ. այս ամեն ինչը միշտ չէ, որ լինելու է քողարկված, մի օր սա իր օրինական ընթացքն է ստանալու, և զսպանակը որքան ուժեղ սեղմեն, այնքան ուժգին նա մի օր հետ կբացվի։

«Ես դատական նիստի ժամանակ մի 2-3 անգամ ասացի, և դա խիստ նյարդային ռեակցիա արժանացրեց դատախազների մոտ, թե ինչու են իրենք կարծում, որ, եթե հիմա Վահագն Հարությունյանին իրենք մեղադրում են պարկուճներ փոխելու մեջ, ու դեռ պարզ չէ՝ դրանք փոխվել են, թե չէ, ինչո՞ւ են իրենք կարծում, որ այս պահին փաստացի իրենց արածն ավելի լավ է, քիչ դատապարտելի, կամ Քրեական օրենսգրքի տեսանկյունից՝ ավելի ներելի, քան՝ ինչ որ իրենք հիմա վերագրում են Վահագն Հարությունյանին։

Օրինակ, պարզվեց, որ ամիսներ շարունակ քննիչը, երբ ուզում էր հիմնավորել, թե ինչ է տեղի ունեցել 2008թ. փետրվարի 23-ի խորհրդակցության ժամանակ, ինքը դատարան բերում էր ընդամենը մեկ ցուցմունք, գիտեք՝ ում ցուցմունքը, Արշակ Կարապետյանի, և դրա հիման վրա ուզում էր դատարաններին համոզեր, որ պարոն Քոչարյանն ասել է, թե վաղվանից արտակարգ դրություն է լինելու Հայաստանում։ Մի կողմ թողնենք, թե դա ինչ անհեթեթություն է, որովհետև բոլորս գիտենք, որ փետրվարի 24-ին արտակարգ դրություն չի եղել, բայց քննիչն անընդհատ, այդ մեկ ցուցմունքը վերցրած, եկել է դատարաններ, և նրանք էլ համարել են, որ՝ այո, կա հիմնավոր կասկած, և հենց այդպես էլ եղել է»,- ասաց Հայկ Ալումյանը։

Ըստ փաստաբանի՝ հիմա, երբ ծանոթանում են քրեական գործի նյութերին, տեսնում են, որ այդ նույն խորհրդակցությանը ներկա գտնված 12 անձինք պնդում են, որ նման բան չի եղել։

«Հիմա, եթե քննիչը դատարանից թաքցնում է 12 հոգու ցուցմունքները և բերում է միայն մեկ հոգու ցուցմունք… Քանի որ մենք քրեական գործերի նյութերին տեղյակ չէինք մինչև 50 օր առաջ, երբ հայտարարվեց նախաքննության ավարտի մասին… Եվ քննիչը չէր բերում, մենք էլ չգիտեինք, որ այդպիսի նյութեր կան քրեական գործում։ Հիմա մի՞թե այս քննիչի արածն ավելի լավ արարք է, քան ինքը վերագրում է մեկ ուրիշ քննիչի, երբ ասում է, թե՝ դու պարկուճներ ես թաքցրել։ Իսկ ո՞վ ասաց, որ ցուցմունքներ թաքցնելն ավելի լավ բան է, քան պարկուճներ փոխելը»,- հավելեց փաստաբանը՝ հավաստելով, որ այս բոլոր անօրինություններն արվում են իրենց համար մեկ գերնպատակի՝ Ռոբերտ Քոչարյանին հնարավորինս երկար կալանքի տակ պահելու համար։