Բուլղարիան չեղարկել է Հայաստանի և Վրաստանի հետ փոխադրումների «ժամկետանց» համաձայնագիրը

Բուլղարիայի իշխանությունները խզել են Հայաստանի և Վրաստանի հետ բեռնափոխադրումների մասին եռակողմ համաձայնագիրը, քանի որ այն այդպես էլ չի գործել, Sputnik Արմենիային հաղորդեցին տրանսպորտի նախարարությունից։

Մարտի սկզբին բուլղարական ԶԼՄ-ները հաղորդել էին այն մասին, որ Բուլղարիայի կառավարությունը չեղյալ է հայտարարել Հայաստանի և Վրաստանի հետ մուլտիմոդալային բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը՝ ստորագրված 2003թ-ին։

Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից պարզաբանեցին, որ խոսքը Երևանի, Թբիլիսիի և Սոֆիայի միջև «Մուլտիմոդալային բեռնափոխադրումների մասին» եռակողմ պայմանագրին է վերաբերվում, որը ստորագրված է 2003թ-ի հոկտեմբերի 10-ին Երևանում։

«Համաձայնագիրը մինչև հիմա ուժի մեջ չի մտել։ Բուլղարական կողմի (որը  պայմանագրի պահապանն է) ծանուցման համաձայն, վրացական կողմն այդպես էլ տեղյակ չի պահել ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին», – ասվում է հաղորդագրությունում։

Ինչ վերաբերում է խզելու պատճառներին, ապա գերատեսչությունում ասել են, որ  «բուլղարական կողմի հայտարարության համաձայն, նշված համաձայնագիրը պարունակում է մի շարք հակասություններ, որոնք անհամատեղելի են ԵՄ օրենսդրության հետ»։

2007թ-ին Եվրամիություն մտնելուց հետո դրանք անընդունելի են դարձել Բուլղարիայի համար։

Պայմանագիրը, որը վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից 2004թ-ին, ուղղված է եղել երկրների միջև մուլտիմոդալային փոխադրումների թեթևացմանը (մասնավորապես, առաջարկել է տարանցման դեպքում ճանապարհային վճարների և ներկրման տուրքի չեղարկում)։

Մուլտիմոդալային փոխադրումը բեռների տեղափոխությունն է մի պայմանագրով, որն  իրականացվում է տրանսպորտի առնվազն երկու տեսակներով։

Աղբյուրը` https://armeniasputnik.am/world/20190324/17808042/bulgary-n-chexarkel-e-hayastan-vrastan-poxadrumneri-jamketanc-hamadzaynagiry.html