«Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումը կարող է գնահատվել չափից դուրս կարծր, այդ դիրքորշումը մենք կարող ենք մեղմացնել». Նիկոլ Փաշինյան

«Սպասելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա և դիվանագիտական գործընթացում պետք է պարզապես հետևողականորեն աշխատել: Այն, ինչ հրապարակայնորեն ասվում է, դա նորություն չի ո՛չ ՄԽ, ո՛չ Ադրբեջանի գործընկերների համար: Այն, ինչ ասվել է, ես անընդհատ ասել եմ»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախի շուրջ զարգացումների, բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի հարցում հնարավոր արդյունքների ժամկետների մասին:

Ըստ նրա՝ այսօրվա օրակարգը ձևավորվել է անցած տարի մայիսին և դրա սպասարկումը շարունակվում է:

Նա մի կարևոր նրբություն ընդգծեց՝ սա ո՛չ քմահաճույք է, ո՛չ նախապայման, այս թեմայով քննարկումները շարունակելու են գործընկերների հետ փաստարկների դաշտում.

«ՀՀ-ն ցուցաբերել է այդ ընդունակությունը՝ լսել դիմացինին ու փորձել հասկանալ դիմացինին, նույնն ակնկալում ենք իրենցից: Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումը կարող է գնահատվել չափից դուրս կարծր, այդ դիրքորշումը մենք կարող ենք մեղմացնել, բայց նույնն ակնկալում ենք մեր գործընկերներից, հակառակ դեպքում խոսակցություն տեղի չի ունենա»:

«Մենք երկխոսությունից չենք հրաժարվի և սեղանին կդնենք մեր փաստարկները և ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները: Կարծում եմ՝ արդյունավետ լուծումը կամ շարունակությունը այս տրամաբանության շրջանակում լինի»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով 3 սկզբունքներին՝ Ն.Փաշինյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե ինչ են նշանակում այդ 3 սկզբունքները, ինչ մեկնաբանության վրա ենք հիմնվելու հետագա բանակցությունների ընթացքում:

Ըստ նրա՝ այն մեկնաբանությունները, ինչ տալիս է Ադրբեջանը, մեզ համար ընդունելի չեն:

Սակայն, ինչպես նշեց Փաշինյանը, մենք չենք գնում այդ ճանապարհով, որովհետև դա մեզ համար ընդունելի չէ, որովհետև՝ օրինակ՝ Ադրբեջանը մեկնաբանում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս:

Նա հարցադրում արեց՝ իսկ կարո՞ղ է լինել մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն, կամ՝ լինել մեկնաբանություն, որ Ղարաբաղը կարող է լինել Հայաստանի մաս:

«Քանի դեռ չենք հստակեցրել խոսակցության շրջանակը, մենք իրար չենք հասկանա: Այս անհրաժեշտությունն այժմ ծագել է Ադրբեջանի նախագահի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, միջազգային այլ գործընեկրների հետ ունեցած քննարկումների արդյունքում»,- ասաց Ն.Փաշինյանը՝ շեշտելով, որ կան տարբեր մեկնաբանություններ:

«Ես ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով սխալ»,- ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ վարչապետ ընտրվելուց հետո հանդիպել է ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, և նմանատիպ գործընթացը շարունակվում է, բոլորի հետ հանդիպումներում ինքը փորձում է հասկանալ ինչ է կատարվում.

«Ես ստացել եմ հսկայական տեղեկատվություն, բայց այն ևս նոր հսկայական տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն է առաջ բերում»:

Վարչապետը նշեց, որ բազմաթիվ նրբություններ կան, որոնց բանակցային գործընթացում ներգրավված անձը պետք է տիրապետի.

«Ալիևը 10 տարի դրանում ներգրավված է, համանախագահները՝ ևս, միակ նոր մարդը ես եմ: Եվ շատ բան ինձ համար պարզ չի: Երկխոսության նպատակը հենց բազմաթիվ հարցեր պարզաբանելն է: Եվ առաջիկա հանդիպումը, առնվազն մեր ընկալմամբ, նվիրված կլինի հենց այդ հարցերի պարզաբանմանը»:

Ըստ նրա՝ պետք է հստակ իմանալ՝ ի՞նչ է եղել Կազանում, Քի Վեսթում, կամ Վիեննայում: