Հայաստանը իրանական գազի համար տարանցիկ երկիր չի կարող լինել

«Մինչ այժմ, ցավոք սրտի, Հայաստանը դուրս է մնացել բոլոր տարածաշրջանային ծրագրերից, ինչը միանշանակ նվազեցնում է մեր անվտանգային ներուժը: Հետևաբար մեր արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանը որևէ տարածաշրջանային ծրագրում ներառելը, ինչը ավտոմատ կբերի մեր աշխարհաքաղաքական կշռի մեծացման»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը:

Այս համատեքստում մեր զրուցակիցը կարևորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի շրջանակներում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի գործարկման հնարավորության վերաբերյալ քննարկումը. «Որպես հնարավոր տարբերակ կարելի է դիտարկել Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքը Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մեջ ներառելու հարցը: Մենք այստեղ խնդիր ունենք Չինաստանի հետ հարց բարձրացնելու, որ կա հավելյալ հնարավորություն Չինաստան-Եվրոպա մեկ այլընտրանքային ուղի կառուցելու համար»:

Ինչ վերաբերում է իրանական գազը Հայաստան հասցնելուն և Հայաստանը որպես տարանցիկ երկիր դիտարկելու հնարավորությանը, Բենիամին Պողոսյանը նկատեց, որ հնարավորություններ կան, սակայն ընդգծեց, որ խոսքը ոչ թե ֆիզիկական տարածման մասին է, այսինքն՝ որ գազը գազամուղով ֆիզիկապես մտնի Հայաստան և այնուհետև նույն գազը ֆիզիկապես հասնի Վրաստան. «Դրա հավանականությունը շատ քիչ է, որովհետև մենք իհարկե Վրաստանից ունենք գազամուղ, բայց դա նախատեսված է ռուսական գազը Վրաստանից Հայաստան մուտք գործելու համար: Սա կարող է աշխատել միայն սվոփային տարբերակով: Սակայն եթե խոսենք Հայաստանի տարածքով Եվրոպա իրանական գազի տարածման մասին, ապա դրա հավանականությունը շատ չնչին է, որովհետև չկա Վրաստանից Եվրոպա հասնելու ենթակառուցվածք»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: