Ուկրաինայում ձերբակալել են Պորոշենկոյի վարչակազմի անդամի վրա հարձակում գործած հային

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Շևչենկոյի շրջանային դատարանը ձերբակալել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի աշխատակից Ալեքսանդր Բուխտատովի վրա կողոպուտի նպատակով հարձակման համար կասկածվող անձին, ասված է Կիևի դատախազության ֆեյսբուքյան էջում:

Երեսուներեքամյա կասկածյալը Հայաստանի քաղաքացի է: Նրան 60 օր կալանքի տակ կպահեն՝ առանց գրավի դիմաց ազատ արձակման իրավունքի:

Ներկա պահին պարզվում է հարձակում կատարած երկրորդ անձի ինքնությունը:

Հաղորդվում է, որ մարտի 13-ին կասկածյալն ու նրա հանցակիցը հարձակվել են իրենց համար անհայտ անձի վրա, գլխի շրջանում մի քանի հարված հասցրել, ապա գողացել նրա հեռախոսն ու բանկային քարտը: Կողոպուտից հետո պաշտոնյան մահացել է սրտի իշեմիայից: Նրա մարմինը հայտնաբերվել է հաջորդ առավոտյան՝ անցորդների կողմից:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/16/ucraine/2949560