Ո՞վ է ծախել Աբովյանի հողերը. մարզպետը հող է պատրաստում իրավապահների համար, իսկ քաղաքապե՞տը

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին վերաբերող, չարաշահումների մասին վկայող փաստերն առաջիկայում կարող են հայտնվել իրավապահների մոտ։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` անդրադառնալով Աբովյանի քաղաքապետարանում իր կատարած բացահայտումներին։

Խոսքը մասնավորապես վերաբերում է մարտի առաջին շաբաթվա ընթացքում Աբովյանի քաղաքապետարանում անցկացված հողերի աճուրդներին։

Բնակֆոնդի, հասարակական կառուցապատման, կոմերցիոն նշանակության հողատարածքների 67 աճուրդներից 5–ը Կոտայքի մարզպետի համառ միջամտությունից հետո Աբովյանի քաղաքապետը ստիպված է եղել չեղարկել։

«5 լոտերի աճուրդները քաղաքապետը չեղարկեց, երբ կոնկրետ մատնանշեցինք, որ այդ հողատարածքներով կոմունիկացիաներ են անցնում, և հենց հողային օրենսգրքով արգելված է նման հողամասերի աճուրդով օտարումը։ Երկրորդ անգամ պնդելուց հետո նոր քաղաքապետն ընկրկեց ու այդ լոտերն աճուրդից հանեց» ,– նշեց մարզպետը։

Մնացած 62 հողամասերի աճուրդներից 17–ն էլ չեն կայացել։ Մարզպետն այստեղ էլ խնդիր է տեսնում։ Նրա խոսքով` դրանք չեն կայացել, քանի որ հայտ ներկայացրած գնորդներն աճուրդի չեն ներկայացել, թեև նախապես ներկայացրած են եղել հողատարածքների կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով հայտեր։

«Սա ինձ մոտ կասկած է հարուցում, որ այստեղ հնարավոր է լինեն կոռուպցիոն ռիսկեր»,– ասաց մարզպետը։ Մեր հարցին, թե ովքե՞ր են կանգնած այս հայտերի հետևում, մարզպետը պատասխանեց, որ տեղեկություն չունի, բայց նաև ավելացրեց, որ աճուրդի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է, և նա էլ կրում է ողջ գործընթացի պատասխանատվությունը։

Ռոմանոս Պետրոսյանը նշեց նաև, որ այդ աճուրդով վաճառվող հողատարածքների օտարման նպատակահարմարությունը քաղաքապետարանը չի հիմնավորել, կառուցապատման որևէ նախագիծ չի ներկայացրել։

«Այս պահին ամբողջ փաթեթն ենք ուսումնասիրում, քաղաքապետարանից որոշակի պարզաբանումներ ենք պահանջել, եթե այդ պարզաբանումները մեզ չփարատեցին ու հիմնավոր չթվացին, միանշանակ իրավապահ մարմինները կտան իրավական գնահատական»,– ասաց նա` չբացառելով խնդրի իրավական հանգուցալուծման տարբերակը։

Մարզպետի բարձրաձայնած խնդիրների շուրջ Sputnik Արմենիան պարզաբանումներ ստացավ նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանից։ Նա պնդեց, որ աճուրդներն իրականացվել են օրենքի տառին համապատասխան։ Իսկ մարզպետի հետ հակասությունները քաղաքապետն «արդյունավետ համագործակցություն» որակեց։

Գևորգյանը հայտնեց, որ աճուրդի հանած 67 լոտերից 58-ը բնակելի կառուցապատման հողեր են եղել։

«Մեզ տարբեր ժամանակներում դիմել են աբովյանցիներ, սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ, բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցող մարդիկ, սիրիահայեր, որոնք ցանկացել են Հայաստանում հիմնվել, տուն կառուցել»,– ասաց նա։

Համայնքային հողերի կես գնով վաճառելու պատճառը քաղաքապետը նաև սոցիալական խնդրով է մեկնաբանում` ասելով. «Դա օրենքի խախտում չէ, դա հատուկ արված է եղել սոցիալապես անապահով բնակիչների համար»։

Բացի այդ, նրա խոսքով, դա նաև օրենքի պահանջ է։ Քանի որ աճուրդի ներկայացված 17 լոտերը 2009թ–ից պարբերաբար աճուրդի են դրվել ու գնորդ չեն ունեցել, դրանց արժեքը 50 տոկոսով նվազեցվել է։

Ինչ վերաբերում է մարզպետի միջամտությամբ չեղարկված գործարքներին, Վահագն Գևորգյանը դա բացատրում է նրանով, որ այդ հողատարածքների կադաստրային վկայականները տրամադրված են եղել դեռ 2009թ–ին, երբ այդ տարածքներում ենթակառուցվածքներ չեն եղել։

«Երբ խնդիրը բարձրաձայնվեց, մենք հանեցինք այդ լոտերը։ Օրենքի առումով խնդիր չեմ տեսնում, սա արդյունավետ համագործակցության լավ օրինակ է, իսկ այդ ամենի մեջ տեսնել կոռուպցիոն ռիսկեր, ինչ–որ պայմանավորվածություններ, ուղղակի անլուրջ եմ համարում, որովհետև աճուրդը եղել է բաց և թափանցիկ, շատ լրատվամիջոցներ լուսաբանել են, ամբողջ աճուրդի ընթացքը տեսաձայնանկարահանվել է»,– ասաց քաղաքապետը։

Ի դեպ, նրա խոսքով, բարձրացած աղմուկից հետո քաղաքապետարանն էլ իր ուսումնասիրությունն է անցկացրել ու պարզել, որ Աբովյանում վերջին աճուրդով հողեր ձեռք բերողներից 5-ը Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներ են եղել։

«Այսօր մենք ամփոփում էինք նախնական արդյունքները, և պարզ դարձավ, որ շատ հողակտորներ ձեռք են բերել մարզպետարանի աշխատակիցները»,– ասաց Վահագն Գևորգյանը։

Իսկ մարզպետի մատնանշած իրավական գործընթացին Աբովյանի քաղաքապետը նորմալ է վերաբերվում, և պատրաստ է օրենքի առաջ ևս ապացուցել իր արդարացիությունը։

Նշենք, որ Աբովյանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված աճուրդային պայմանագրերի համաձայն, վաճառված հողամասերի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը, ըստ տեղակայվածության, 2 940 – 4 524 դրամ է։

Աղբյուրը` https://armeniasputnik.am/armenia/20190317/17726995/ov-e-tsaxel-abovyani-hoxery-marzpety-hox-e-patrsatum-iravapahneri-hamar-isk-qaxaqapety.html