Էրդողանի կուսակցությունը կպահպանի առաջատարի դիրքը։ Թուրքիայում սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին խոսելով՝ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա խոսքով` անակնկալների սպասել պետք չէ։
«Իսկ Ստամբուլում` Թուրքիայի խոշորագույն քաղաքում, ամենայն հավանականությամբ, կհաղթի Թուրքիայի նախկին վարչապետ և խորհրդարանի փոխխոսնակ Բինալի Յիլդիրիմը։ Ավելի կոշտ պայքար կծավալվի մայրաքաղաք Անկարայում։ Այստեղ կմրցեն իշխող կոալիցիայի անդամ ԱԶԿ–ն, «Ազգայնական շարժում» պանթուրքական կուսակցությունը և Ժողովրդահանրապետական կուսակցությունը»,-ասաց Սաֆրաստյանը։
Ինչ վերաբերում է հայկական համայնքին, Սաֆրաստյանի խոսքով, Թուրքիայի հայ համայնքը հիմնականում իր ձայնը կտա Էրդողանի և քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությանը։ Թեև, ըստ արևելագետի, պետք է հաշվի առնել, որ Էրդողանի կոալիցիոն գործընկեր պանթուրքիստների առկայությունը, ինչ–որ չափով վախեցնում է հայ ընտրողներին և նրանք կարող են քվեարկել քեմալականների օգտին։
Սաֆրաստյանի բնորոշմամբ, ՏԻՄ ընտրությունները, մեծ հաշվով, կլինեն աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախերգանքը: