Ամբոխները ինչպիսի արագությամբ աստվածացնում են, այնպես էլ կարող են քարկոծել. դա է սպառնում Փաշինյանին և իր թիմին

«Կարծում եմ, որ մենք դեռ հետընթացի փուլում ենք. ես դա հեղափոխություն չեմ համարել և չեմ համարում՝ ավանդական և քաղաքագիտական իմաստով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավաբան, քաղաքագետ Արմինե Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք նոր Հայաստանի զարգացման դինամիկա, և ի՞նչ շրջափուլում է այն:

Արմինե Առաքելյանի խոսքով, սակայն, տեղի ունեցածը համաժողովրդական հզոր շարժում էր, որում ներառված էին ժողովրդի թե՛ էլիտան, թե՛ շարքայինները՝ Հայաստանում և Սփյուռքում. «Երբ ասում եմ՝ ներառյալ, նշանակում է Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան և նախկին համակարգի այլ անդամներ. ես դա հետկուլիսային գործարք չեմ համարում, այլ համարում եմ համընդհանուր համաձայնություն»:

Քաղաքագետը նշեց, որ կար մի խնդիր՝ այդ համաժողովրդական շարժման մեջ չկար որևէ գաղափար՝ բացի «Մերժիր Սերժին»-ից. «Ես, որպես քաղաքագետ և ակտիվիստ, երբեք մերժելով չեմ առաջնորդվում. Սերժին մերժեցին, բայց Սերժը դեռ այստեղ է և ազատ պտտվում է»:

Արմինե Առաքելյանը ընդգծեց՝ Հայաստանը մեծ վտանգի տակ էր, և միակ ձևը դեպի իրական ժողովրդավարություն քայլ անելն էր. «Եվ ապրեն Նիկոլենք՝ իրենք ստանձնեցին այդ համախմբման և առաջնորդության առաքելությունը: Սակայն եթե չկան գաղափարը և նպատակները, թե ինչպես ենք պատկերացնում այդ նոր Հայաստանը, կլինեն հուսահատություններ և հուսախաբություններ, ինչի ականատեսն ենք այժմ: Այսինքն՝ ամբոխները ինչպիսի արագությամբ աստվածացնում են փրկիչներին, նույն արագությամբ էլ կարող են փնովել և քարկոծել. դա է սպառնում Նիկոլ Փաշինյանին և իր թիմին»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: