Իմ մարզումներն «անձեռնմխելի են». Արսեն Ջուլֆալակյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին

Ե՛վ ինձ, և՛ ընբշամարտի աշխարհին ապացուցեցի, որ հնարավոր է և՛ լավ մարզվել, և՛քաղաքականությամբ զբաղվել»,- «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում այս մասին ասաց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, ով վերջերս Ֆրանսիայում կայացած հունահռոմեկան ոճի ըմբշամարտի մրցաշարում դարձավ ոսկե մեդալակիր: Նրա խոսքով՝ բոլորը կարծում էին, որ եթե պատգամավոր է դարձել, սպորտի ասպարեզում որակական փոփոխություններ կունենա. «Իմ սեփական օրինակով ապացուցում եմ, որ սպորտը և քաղաքականությունը համատեղելի են, ուղղակի պետք է ժամանակի շատ ճիշտ ծրագրավորում կազմակերպել: Իմ մարզումներն «անձեռնմխելի են»»:

Արսեն Ջուլֆալակյանի կարծիքով՝ և՛ սպորտում, և՛ քաղաքականության մեջ անհրաժեշտ է, որ մարդը լինի նպատակասլաց, աշխատասեր, արագ կողմնորոշվող. «Պետք է ասածիդ տերը լինես, ձգտես հասնել այն նշաձողին, որը սահմանել ես, մի քիչ ճանապարհները և գործիքակազմերն են տարբեր: Սպորտում ամեն ինչը հստակ ֆիքսված է, իսկ քաղաքականության մեջ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում՝ ինչ կիրառել իր նպատակին հասնելու համար:

Եկել եմ այն եզրահանգման, որ քաղաքականության մեջ նույնպես կարելի է պահել բարձր արժեքները, դրա համար պետք է շատ ուշադիր լինես, փորձես հասկանալ դիմացինիդ նպատակները, որպեսզի միայն բարի և լավ մղումներով հանկարծ խաբված դուրս չգաս: Այսինքն՝ դու քո կողմից պահի՛ր ճիշտը և փորձի՛ր կռահել դիմացինի նպատակները, եթե զգում ես, որ արդար չէ քեզ հետ, փորձի՛ր կանխարգելիչ քայլեր ձեռնարկել»:

Մանրամասն՝ տեսանյութում: