Հայտնի է` ով կլինի Հայաստանի նոր կառավարության առաջին սուպերնախարարը

Կառավարության անդամն իրեն «սուպեր» չի համարում և նույնիսկ ծանոթ չէ նոր կազմավորվող սուպերնախարարությունների ցանկին։

 Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարված ներկա պաշտոնյաները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն պաշտոնավարել նաև նոր կառավարության կազմում։ Այս տրամաբանությամբ նոր կազմավորվող կառավարության կազմը որոշ առումով արդեն հայտնի է։

Ընտրություններին մասնակցած ու մանդատից հրաժարված ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ներկայիս պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, օրինակ, գիտի`նախարարի պաշտոն է ստանալու նաև նոր գործադիր իշխանությունում։

Նա այսօր այս մասին ասաց լրագրողներին` նշելով, որ շարունակելու է ղեկավարել նույն գերատեսչությունը, որն այլ անուն կունենա։

Ի դեպ, թեև նախապես հայտարարվել էր, որ այն կոչվելու է Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն, բայց Արշակյանի խոսքով` այժմ քննարկվում է նախարարության անվան մեջ «ռազմաարդյունաբերություն» բառը չներառելու հարցը։

«Որպեսզի մենք խոչընդոտներ չունենանք մեր միջազգային գործընկերների հետ աշխատանքում։ Այսպիսով մենք ունենալու ենք բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որը զբաղվելու է Հայաստանում մտքի արտադրանքը համակարգերի վերածելով և դրանց վաճառքը դրսում ապահովելով։ Իսկ ռազմական արդյունաբերությունը լինելու է այս նախարարության մեկ ճյուղը»,– ասաց Արշակյանը։

Արշակյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե այս ու մի քանի այլ նախարարություններ առաջիկայում վերածվելու են սուպերնախարարներով սուպերնախարարությունների։ Նա նշեց, որ իրեն սուպերնախարար չի համարում ու տեղյակ էլ չէ նման կարծիքի գոյության մասին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռևս դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի` 17-ից դառնալով 12։

Ավելի ուշ հայտարարվեց, որ օպտիմալացման արդյունքում նոր կառավարությունում մնալու են հետևյալ նախարարությունները. աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, բնապահպանության, կրթության և գիտության, մշակույթի և սպորտի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության, ֆինանսների։

Դրանցից սուպերնախարարություններ են համարվում կրթության և գիտության, մշակույթի և սպորտի, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունները։

Փորձագիտական կարծիքներով` այս նոր նախարարություններն իրենց մեջ ներառելու են ներկայիս մի քանի նախարարությունների գործառույթներն ու երկրի տնտեսության ամենակարևոր ոլորտները։

Աղբյուրը՝ armeniasputnik.am