Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Արդեն 8-րդ օրն է՝ Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլի մեջ է: Ռեժիսորի հացադուլի պատճառը 2019 թվականի փետրվարին էկրան բարձրանալու նախատեսված «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագիծն է, որի ֆինանասավորումը վերջերս Ազգային կինոկենտրոնն արգելափակել է:

«Տատիկիս վարսերը» ֆիլմի համառեժիսոր եւ համապրոդյուսեր Հովհաննես Գալստյանի խոսքով՝ ֆիլմն արգելափակել է Ազգային կինոկենտրոնի կողմից բոլորովին վերջերս ստեղծված հանձնախումբը քննարկումներից եւ նոր կանոնակարգի նոր կետ մտցնելուց հետո:

Չնայած ինքնազգացողության որոշակի վատացմանն ու սրտխառնոցներին՝ Հովհաննես Գալստյանը դեռեւս չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Ավելին, երկու օրից՝ դեկտեմբերի 12-ին, ռեժիսորը մամուլի ասուլիս է հրավիրել, ասում է՝ ներկայացնելու է փաստաթղթեր, որոնք ամբողջովին կհերքեն կինոկենտրոնին:

«Ասուլիսին մասնակցելու են գործընկերները Գերմանիայից եւ Բուլղարիայից: Ասուլիսից հետո ես ավելի կոշտ քայլերի եմ անցնելու, ավելի թիրախային, բայց հիմա չեմ բացահայտի: Այս օրերի ընթացքում ես ինձ պասիվ էի պահում, որպեսզի նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր, որ կարծիք չստեղծվեր, թե կառավարության կամ իշխանության դեմ է»,-ասաց Գալստյանը:

Վերջինիս խոսքով՝ նոր կանոնակարգը կիրառվել է որպես գործիք, որով նախկինում հաստատված եւ արդեն պետական գումարներ ստացած ֆիլմի ֆինասավորումը կասեցվել է: Վստահեցնում է, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ կիրառվել է անօրինականություն:

Հովհաննես Գալստյանի պահանջն է, որպեսզի կինոկենտրոնը մինչեւ տարեվերջ տրամադրի խոստացված 55 միլիոն դամը: Ռեժիսորի խոսքով ՝ 5 միլիոն 600 հազար դրամ էլ պետք է տա մշակույթի նախարարությունը, որը ժամանակին Արմեն Ամիրյանն է հետ վերցրել արդեն հատկացված գումարի մի մասից:

Ըստ Գալստյանի՝ 2016 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստանձնել է պարտավորություն 2016-18թթ-ին իրենց ընկերության «Տատիկիս Վարսերը» ֆիլմի արտադրությանը բյուջեի մինչև 30%-ի չափով (88 մլն դրամ) ֆինանսավորում հատկացնելու մասին: 2016թ-ին ֆիլմին հատկացվել է 8 մլն դրամ։ 2017թ-ին՝ 15 մլն, որի մի մասը մշակույթի նախարարությունը հետ է վերցրել, ապա կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով 2018թ-ին հրաժարվել է ֆիլմին հատկացվելիք 60 մլն դրամի պարտավորությունից:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից «Հայկական ժամանակ»-ին ներկայացրած պարզաբանման մեջ էլ նշվում է, որ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Տատիկիս Վարսերը» կինոնախագծը հանձնաժողովը մերժել է՝ հիմք ընդունելով 2018 թվականի մարտի 17-ի թիվ 116-Ա  հրամանով հաստատված, ֆիլմերի նախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման» կանոնակարգի 15-րդ կետը: Ըստ կանոնակարգի նոր կետի՝ «Նախկինում պետական աջակցություն ստացած եւ պայմանագրային պարտավորությունները չկատարած ֆիլմարտադրողների կողմից ֆիլմի նախագծերի հայտեր ներկայացվելու դեպքում դրանք ենթակա են մերժման»:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի պարզմաբանման համաձայն՝ Գալստյանի հայտի մերժման պատճառը հանդիսացել է այն, որ 2010 թվականին «Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանի եւ Պարալլելս ֆիլմպրոդաքշն ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանի միջեւ կնքվել է «Լուսավոր շրջան» (Գաբրիել եւ Մարի, Սրբագրողը, Թողություն) կինոնախագծի արտադրության վերաբերյալ պայմանագիր՝ պետական աջակցություն հատկացնելու մասին:

Ազգայիին կինոկենտրոնի փոխանցմամբ՝ արտադրության ավարտը սահմանված է եղել 2014 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախագծի ընդհանուր բյուջեն կազմել է 700 մլն դրամ, որից կինոկենտրոնի ներդրման չափն է 93,4 մնլ դրամը, իսկ մնացած՝ 606,6 դրամը պետք է ապահովեր պրոդյուսերական ընկերությունը, որը չի արել:

Այսօր Հովհաննես Գալստյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ կինոկենտրոնի այն պատճառաբանումը, թե «Տատիկիս վարսեր»-ին գումար չի հատկացվել քանի որ «Թողություն» ֆիլմը անավարտ է մնացել՝ սխալ մոտեցում է:

Ազգային կինոկենտրոնը վստահեցնում է, որ Գալստյան-Ամիրյանի «գործարքից» ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել իրենց: Գալստյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ունի բավարար փաստաթղթեր. «Այն ժամանակ անհնար էր Ամիրյանի տանը իրենից փաստաթուղթ ուզել, դա պետական գումար էր, որը նա ծախսում էր մեկ այլ պետական կարիքի համար: Ես կարծում էի, որ կոռեկտ չէր լինի, որպեսզի ես նախարարից փաստաթուղթ ուզեի»:

«Թողություն» ֆիլմի համար 125 միլիոն պետք է հատկացնեին, սակայն հատկացվել է 93, որից 40 հազարը Գալստյանն ուղղել է իր կնոջ՝ ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Կիասալուսնի ծովածոցեր» ֆիլմին: Չնայած նրան, որ ֆլմը վաղուց ավարտվել է, շուրջ 5 ամիս մեծ էկրաններից չիջնելով, գրանցել բավականաչափ հաջողություն, այնուամենայնիվ, «Թողություն» ֆիլմը կիսատ է մնացել, ինչն էլ այսօր հիմք ընդունելով՝ Ազգային կինոկենտրոնը մերժել է ռեժիսորի նոր կինոնախագծի ֆինանսավորումը:

«Թողություն ֆիլմը մենք էլի կավարտեինք, պարզապես ֆիլմից երկու անձ մահացել է մեկ տարվա մեջ»,-ասաց Գալստյանը:

Վերջինիս խոսքով ՝ նախկին տնօրեն Գեւորգ Գեւրոգյանը խոստացել է հաջորդ տարվա օրենքով հատկացվելիք «Կիսալուսնի ծովածոցեր»-ին տրվող գումարն ուղղել «Թողություն» ֆիլմին, սակայն խոստումը չի պահել: Պատճառաբանել է, թե չի կարող պետական միջոցներից տրամադրել արդեն վերջացրած ֆիլմին: «Պետական կառույցը մեզ հերթական անգամ քցեց: Բայց դրանից հետո 2016 թվականին Շուշանիկ Միրզախանյանը նոր պարտավորություն է ստանձնել «Թողություն» ֆիլմի համար»,- ասաց Հովհաննես Գալստյանը:

Գալստյանից հետաքրքրվեցինք, թե այս ընթացքում մշակույթի նախարարությունը որեւէ առաջարկով հանդես չի՞ եկել, վերջինա ասաց՝ ո՛չ: «Ինձ այսօր այցելել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, իսկ մի այնպիսի քնձռոտ կառույց, ինչպիսին մշակույթի նախարարությունն է՝ հարկ չի համարել նախարարի օգնականով, խորհրդականով կամ արվեստի բաժնի որեւէ ներկայացուցչով որեւէ ձեւով մոտ գալ: Ամբողջ Հայաստանը գիտի, որ մշակույթի նախարարությունում ոչ պրոֆեսիոնալներ են, իսկ այս դեպքում իրենք ուղղակի տարրական հումանիստական արժեքներ չունեն»,- եզրափակեց Գալստյանը:

Աղբյուրը՝ armtimes.com