«Լուսավոր Հայաստանը» պայքարելու է բիզնեսի ու քաղաքականության սերտաճման դեմ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ լինելու է արժեքային ընդդիմություն, և առաջին քննադատությունն է հնչեցրել քաղաքական մեծամասնության ու խորհրդարանական երկրորդ ուժի դեմ։

Հայաստանում կայացած ընտրությունը հեղափոխության տրամաբանական շարունակությունն է։ Այս մասին նշված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության այսօրվա հայտարարության մեջ։

Ստացած ավելի 80 000 քվեն կուսակցությունը համարում է եռամյա գործունեության գնահատականն ու ապացույցը, որ Հայաստանի հասարակությունն ունի ժողովրդավարական ու եվրոպական մոդելի պետություն կառուցելու անվերապահ պահանջ։

Հայտարարությունը լրագրողներին ներկայացնող կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանը» արժեքային ընդդիմություն է լինելու քաղաքական մեծամասնությանը։ Որպես ընդդիմություն, կուսակցությունն այսօր արդեն իր հայտարարության մեջ որոշ քննադատություն հնչեցրեց ներկայիս իշխանության վարած քաղաքականության նկատմամբ։

«Մտահոգ ենք, որ անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսն ու քաղաքականությունը շարունակում են մնալ քաղաքական խրոնիկ հիվանդ համակարգի հետևանքը, որի դեմ պայքարը լինելու է մեր ուժի գլխավոր առաջնահերթություններից մեկը»,– հայտարարեց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստանը» նաև ինքն իրեն հռչակել է խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժ` նշելով, որ համագործակցելու է արտախորհրդարանական ուժերի ու անհատների հետ։

Պատասխանելով լրագրողների հարցերին` Մարուքյանը վստահություն հայտնեց, որ եթե բիզնեսն անցած ամիսների ընթացքում տարանջատվեր քաղաքականությունից, «Լուսավոր Հայաստանն» այսօր կլիներ խորհրդարան մտած ոչ թե երրորդ, այլ երկրորդ ուժը։

«Երևանում մենք երկրորդ տեղում ենք, ընդ որում, երրորդ տեղում ՀՀԿ–ն է, ԲՀԿ–ն`միայն չորրորդը»,– հիշեցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը` հավելելով, որ դա ապացուցում է, որ այն տեղերում, որտեղ ժողովուրդն ավելի սոցիալապես խոցելի է, ԲՀԿ ռեսուրսներն ավելի մեծ ազդեցություն են ունեցել, կատարվել է այդ ռեսուրսներից բխող, ապաքաղաքական ընտրություն։

Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրության նախնական արդյունքների համաձայն` «Իմ քայլը» ստացել է ընտրողների քվեների 70,44%–ը, «Բարգավաճ Հայաստանը»` 8,27%–ը, «Լուսավոր Հայաստանը»` 6,37%–ը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am