«Ցտեսությո՛ւն, ժպտերես աղջիկ». 4 խայտառակություն այս 6 ամսում, որի «գլխավերևում» կանգնած է եղել Լիլիթ Մակունցը

Երբ Լիլիթ Մակունցը դեռ նոր էր նշանակվել մշակույթի նախարարԻ պաշտոնում, նրան քննադատողներին ասում էին․ «Պետք է ժամանակ տալ նրան։ Նա կիրթ, խելացի աղջիկ է։ Բնավ կապ չունի, որ նա մշակույթի ոլորտում չի եղել։ Մի՛ սադրեք մեր ջահելներին և այլն․․․․»։

Երբ Մակունցը նշանակվեց նախարար, հարցազրույցներից մեկում, մասնավորապես, պարզաբանեց, թե ինչու է հենց Նիկոլ Փաշինյանն իրեն ընտրել այդ պաշտոնում․ Վարչապետն ինձ վստահում է, ու ես կանեմ ամեն ինչ` այդ կարգավիճակում ժողովրդին ծառայելու համար»։

Ավելորդ է անգամ խոսել իր լեգենդար «Մշակույթը ես եմ» լոզունգի մասին։ Սակայն այս կես տարվա ընթացքում, նա գրեթե ոչինչ չանելով, վերջին օրերին իր շուրջ օղակն ավելի նեղացրեց, երբ հետևելով օրենքին՝ թույլ չտվեցոր բալետի մենապարող 23–ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը տեղի ունենա Օպերայում։ Իսկ արդեն երեկ մամուլը սկսեց ակտիվորեն գրել, որ ընտրություններից հետո Լիլիթ Մակունցը հրաժեշտ կտա իր պաշտոնին։
Ներկայացնում ենք փաստացի 4 խայտառակություն, որի «գլխավերևում» կանգնած է եղել Լիլիթ Մակունցն ու իր նախարարությունը։

1․ Գուրգեն Մահարու կնոջ մահն ու թաղման պահին նախարարության արձագանքը

Երբ հոկտեմբերի 3-ին մահացավ Գուրգեն Մահարու կինը՝ Անտոնինա Մահարին, մշակույթի նախարարությունում ոչինչ չգիտեին։ Մինչ այդ կինը օրեր շարունակ անգիտակից պառկած է եղել հիվանդանոցում, սակայն նրան ոչ ոք չի այցելել։ Կնոջ մահվան հենց հաջորդ օրը տեղի ունեցավ հուղարկավորությունը, որից հետո միայն նախարարությունում իմացան, որ մահացել է Անտոնինա Մահարին։ Փաստացի Անտոնինայի հուղարկավորությունից հետո միայն նախարարությունն իմացավ հայ մեծ գրողի կնոջ մահվան մասին։

2․Դոն Ասկարյանի մահվանից 20 օր անց միայն իմացան նրա մահվան մասին և այն էլ՝ ֆեյսբուքյան օգտատիրոջից։

Հոկտեմբերի 6-ին Գերմանիայի Բեռլին քաղաքում մահացավ հայազգի կինոռեժիսոր Դոն Ասկարյանը։ Հոկտեմբերի 24-ին այդ մասին ֆեյսբուքյան հրապարակումներից հետո միայն նախարարության կայքէջում հայտնվեց լուր այդ մասին։ 1988 թվականին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ Ասկարյանի «Կոմիտաս» ֆիլմն արժանացել է 6 մեդալների, իսկ նրա «Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը ցուցադրվել է գերմանական ամենահեղինակավոր հեռուստաընկերություններում։

3․Հանրային քննարկում այն մասին, որ «Զվարթնոցն» անվանափոխվի Ազնավուրի անունով։

Ազնավուրի մահից հետո մի շարք ֆեյսբուքյան օգտատերեր հարց բարձրացրեցին, որ «Զվարթնոցն» անվանափոխվի Ազնավուրի անունով։ Մշակույթի նախարարության կայքէջում հայտնվեց հանրային քննարկման հրավեր։ Հենց այդ առավոտ մշակույթի գործիչները սկսեցին խայտառակություն որակել անվանափոխումն ու հանրային քննարկումը։ Ժամեր անց նախարարությունը չեղարկեց հրավերը։

4․ Տիկինը թույլ չտվեց, որ Վահագն Մարգարյանին վերջին հրաժեշտ տան Օպերայում, քանի որ նա ՀՀ վաստակավոր արտիստ չէ։

Այս կետի շուրջ երկար պետք չէ խոսել, ուղղակի պետք է ընդգծել, որ Վահագնը ՀՀ վաստակավոր արտիստ չէր։ Նախարարությունում կարևոր էր կոչումը, այլ ոչ թե աշխատանքը։ Իսկ ՀՀ վաստակավոր արտիստներ են Անդրեն, Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Թաթան…

Այս կետերը կարող ենք ավելի երկար գրել, սակայն բավարարվենք այսքանով։ Սրանք փաստացի այն խայտառակություններն են, որ տեղի են ունեցել Մշակույթի նախարարությունում։ Այսքանն էլ բավարար չէ, դեկտեմբերի 9-ից հետո մեզ սպառնում է նաև այսպիսի պատգամավոր ունենալը,  եթե իհարկե տիկին մշակույթը վերցնի մանդատը:

NEWSPRESS.am