Սեպտեմբերի սկզբից ադրբեջանական զինված ուժերը կրակում էին հայկական սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Տավուշի մարզի Կոթի գյուղը հակառակորդի մշտական կրակի տակ գտնվող տարածքներից մեկն է։ Հենց այստեղ էր սեպտեմբերի 16-ին հրազենային վնասվածք ստացել տեղի բնակիչներից մեկը` Սուրեն Սեպխանյանը: Նրան տարել էին հիվանդանոց, հետո` տեղափոխել Երևան: Անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո Սուրեն պապը դուրս է գրվել հիվանդանոցից և արդեն տանն է:
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Սեպխանյանին և պարզել, թե ինչ է տեղի ունեցել այդ չարաբաստիկ օրը, և ինչի մասին է նա խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հիվանդանոցում:
Պարզվում է` առաջին անգամ չէ, որ ադրբեջանական գնդակը վնասում է Սուրեն պապին։ Պատահել է, որ կրակել են ուղիղ նրա տան վրա, առաջին անգամ վիրավորվել է հենց իր բակում: Երկրորդ անգամ գնդակը դիպել է թոքին, երրորդ անգամ՝ ոտքին: Չգիտես ինչու, «կույր գնդակը» հենց նրան է ընտրում:
Պապը խոստովանում է, որ նախկինում կրակոցներն իրեն չեն վախեցրել, իսկ հիմա արդեն լավ չի զգում այդ մտքից: Պատմում է` ինչպես է սովորեցրել թոռնուհուն՝ Արինային (որին քնքշորեն Գուզի է ասում) թաքնվել հուսալի վայրում, երբ կրակոցների ձայն է լսում: Բայց նա երեխային չի ասում, որ կրակում են, ասում է՝ ամպն է գոռում:
«Երբ կրակոցները սկսվեցին, ես ընկերներիս հետ խանութում էի: Հետո ամեն ինչ հանդարտվեց, որոշեցինք տուն գնալ, բայց հանկարծ մի կրակահերթ էլ բացեցին, և ես վիրավորվեցի: Այդ ժամանակ կատակեցի, որ եթե «Գրադից» կրակեին, ոտքս կկորցնեի», — պատմում է պապը:
Համագյուղացիներն արդեն հումոր են անում, ասում են` երեք անգամ վիրավորվելուց հետո վարչապետը պարտավոր է Սուրենին «Իսկանդեր» համալիր նվիրել կամ առնվազն «Գրադ» համազարկային կրակի համակարգ, որպեսզի նա կարողանա վրեժ լուծել:
Իսկ պապը կարծում է, որ «աստված երրորդություն է սիրում», և գյուղում բոլորի պես անհամբերությամբ սպասում է Փաշինյանի այցին, ինչը, ի դեպ, խոստացել է վարչապետը:
«Երբ նա զանգեց ու ասաց` ալո, Նիկոլն ա, բարև, ես մտածեցի` ալկագոլիկ ընկերս ա հարևան գյուղից, քիչ մնաց` ավելորդ բաներ ասեի, բայց հանկարծ հասկացա, որ ձայնն ուրիշ ա», — պատմում է նա:
Բայց պապին ամենից շատ զարմացրել է վարչապետի այցը: Նրա մտքով անգամ չի անցել, որ կտեսնի «իսկական» վարչապետին, ընդ որում` հիվանդանոցում և այդքան ջերմ մթնոլորտում: Փաշինյանը նվերներ չի տարել, բայց մտերմիկ խոսակցությունը ապագայի հույս է ներշնչել Սուրեն պապին:
«Նրա գալուց հետո նույնիսկ ճանապարհային ոստիկանության աշխատողներն են բարիացել: Երևի այն պատճառով, որ վարչապետը հիմա մեր համերկրացին է», — կատակում է նա և ավելացնում, որ որոշել է վարչապետի հետ արած սելֆին ամրացնել ավտոմեքենայի դիմապակուն, որպեսզի ՃՈ աշխատակիցները նույնիսկ չկանգնեցնեն մեքենան:
Պապի կինը՝ Ասյան, արդեն պատրաստ է վարչապետի այցին և խոստանում է համեղ ուտելիքներ պատրաստել: «Ե՛վ խորոված կլինի, և՛ խաշլամա, և՛ ռեժան»,- խոստանում է կինը:
Նա վստահ է, որ ամենակարևորը առողջությունն է և խաղաղությունը, իսկ մնացած ամեն ինչը ժամանակավոր է և երկրորդական: