«Վարչապետը, ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով». Կոստանյան

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որը մեկնարկեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի ինտրիգային հարցադրմամբ. «Ո՞վ է ըննդիմություն, ո՞վ՝ իշխանություն»: Այս հարցի պատասխանից էլ պետք է պարզ լիներ, թե ով կարող է լինել Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը: Ի դեպ, ԱԺ կանոնակարգի համաձայն՝ տեղակալը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: «Ըստ կանոնակարգ օրենքի՝ ընդդիմության ներկայացուցիչ պետք է լինի տեղակալը եւ հարց է առաջնում, ո՞վ է ընդդիմությունը ԱԺ-ում այսօր եւ ըստ այդմ էլ կորոշենք՝ ով է լինելու հանձնաժողովի նախագահի տեղակալ»,-ասաց Կոստանյանը:

ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանը նկատեց, որ իրենց խնդիրը չէ որոշելու, թե ով է ընդդիմություն, ով՝ ոչ: Սրան զուգահեռ Աղազարյանը նշեց, որ տեղակալը պետք է լինի ԵԼՔ-ից: Գեւորգ Կոստանյանը հեգնական հարցրեց՝ ԵԼՔ-ն ընդդիմադի՞ր է, որպեսզի առաջադրելու իրավունք ստանա: Հանձնաժողովի անդամ Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ ՀՀ-ում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ դասական իմաստով մաքուր ընդդիմություն գոյություն չունի:

«Տրամաբանական է, որ տեղակալը չլինի ՀՀԿ-ից: Իսկ թե ով կլինի, ճիշտ է թեկնածուներից որոշել»,-ասաց Պետրոսյանը եւ առաջարկեց տեղակալ լինի կամ ՀՅԴ-ից, կամ ԵԼՔ-ից: Հովիկ Աղազարյանը նշեց՝ ստացվում է, որ հանձնաժողովը պետք է դիմի ԱԺ-ին, գնա ինքնալուծարման, որովհետեւ ոչ սահմանադրական իրավիճակ է ստեղծվել: Կոստանյանը նկատեց, որ Քննիչ հանձնաժողովը նման հարց քննարկման առարկա դարձնելու իրավունք չունի: «Պարոն Պետրոսյանը հստակ գիտի՝ ով է ընդդիմությունը, վստահ եմ, որ գիտի, ուղղակի, չի ուզում ասել՝ քաղաքական նկատառումներից ելնելով»,-ասաց Կոստանյանը:

Ծառուկայն խմբակցության ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը նշեց, որ կառավարությունից դուրս մնացած ուժերն ընդդիմություն են, այսինքն՝ ՀՀԿ-ն է ընդդիմություն: «Նոնսես է, որ ՀՀԿ-ն ներկայացնում է ԱԺ նախագահի եւ երկու տեղակալների պաշտոնը, բայց հիմա, քանի որ հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ից է, ուրեմն մյուս կուսակցություններից պետք է լինի տեղակալը»,-ասաց նա: ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ գործ ունենք դասական իրավիճակի հետ, որը տարածված է սկանդինավյան երկներում, երբ փոքրամասնությունը կառավարություն է:

«Ճիշտ կլինի այս պահին ընդդիմություն համարենք նրանց, ովքեր ԱԺ ձեւավորման ժամանակ իրենց հայտարարել էին ընդդիմություն»,-ասաց նա եւ առաջարկեց ԵԼՔ-ից լինի հանձնաժողովի տեղակալ: Կոստանյանն առաջարկեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, թեեւ նա նիստին ներկա չէր: «Առաջարկում եմ՝ նկատի ուենալով, որ նա մասնագիտությամբ իրավաբան է»,-ասաց նա: Հարցը դրվեց քվեարկության եւ Ալեն Սիմոնյանը միաձայն ընտրվեց քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Այնուհետ, Կոստանյանն առաջարկեց հստակեցնել այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է պահանջեն նախաքննական մարմնից եւ այն անձանց ցանկը, որոնց պետք է հրավիրել հարցաքննության: Գեւորգ Կոստանյանն ասաց, որ պետք է ՄԻՊ-ին առաջարկել, որ նա իր ցանկությամբ ներկա լինի նիստերին, քանի որ Քննիչ հանձնաժողովը չի կարող նրան պարտադրել: Հայտարարվեց, որ նիստերը կլինեն դռնփակ, քանի որ քննարկվելու են գաղտնի փաստաթղթեր եւ հարցաքննվելու են մարդիկ, ովքեր գաղտնի տեղեկությունների են տիրապետում:

Արփինե Հավհաննիսյանն էլ առաջարկեց հստակեցնել, թե հանձնաժողովը ում է հրավիրելու հարցաքննության, Կոստանյանը պատասխանեց, որ առնվազն հինգ հոգու հրավիրելու են, որոնց թվում լինելու է փաստաբան Վահե Գրիգորյանը: Նա չբացառեց, որ հարցաքննվողների ցանկում լինելու են նաեւ ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, վարչապետը: ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը հրավիրվելու է, Կոստանյանը որեւէ պատասխան չտվեց:

ԱԺ քննիչ հանձնաժողովը որոշեց, որ հրավիրվող պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց, ովքեր հանձնաժողովին հայտնելու են ծառայողական կամ այլ գատնիք պարունակող տեղեկություններ, այդ նիստերը կլինեն դռնփակ: Բացի այդ հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ փակ նիստից հետո հանձնաժողովի անդամները լրատվամիջոցներին տեղեկատվություն չեն հայտնելու և տեղեկատվությունը հաղորդագրությունների միջոցով են տրամադրելու:

Քննիչ հանձնաժողովը հարցումներ է ուղարկելու պետական և ոչ պետական մարմիններին՝ պարզելու համար, թե հեռախոսային խոսակցություններ լսելու ունակություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր: Ինչպես նաեւ՝ ինչ տեղեկություններ կան, որ որևէ անձ ապօրինի է ներմուծել, կամ օգտագործում նման սարքավորումները:

«Սկզբնապես մենք կազմեցինք հարցումների ցուցակը, բովանդակությունը եւ հարցումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա կազմելու ենք հրավիրման ենթակա բոլոր անձանց նախնական ցուցակը, յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրության արդյունքում առաջանալու է այլ պաշտոնատար անձանց հրավիրելու անհրաժեշտություն։ Խոսքը հատկապես հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ապահովման եւ դրանց համար պատասխանատու սուբյեկտների ներգրավման մասին է, որովհետեւ մեզ համար առաջնահերթ է սահմանադրական եւ ազգային անվտանգությունը»,- ասաց Կոստանյանը։

Նա հավելեց, որ քննարկման առարկա կդառնան նաեւ նախկինում տեղի ունեցած ապօրինի գաղտնալսումները՝ կապված Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի հետ: Հարցին՝ արդյոք հրավիրվելու են նաեւ ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դատավորը, որի մասին խոսվում էր գաղտնալսված հեռախոսազրույցում, Քննիչ հանձնաժողովի նախագահն ասաց. «Տրամաբանական է, որ նշյալ անձինք ինչ–որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին»։ Ճշտող հարցին, թե նաեւ վարչապետը կհրավիրվի՞, նա արձագանքեց.  «Ցանկացած սուբյեկտ, կապ չունի՝ ում մասին է խոսքը»։

Ի դեպ, նիստին 11 անդամի փոխարեն ներկա էին 8 պատգամավոր: Հիշեցնենք` սեպտեմբերի 11–ի հայտնի գաղտնալսումների առիթով սեպտեմբերի 13–ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում թեժ քննարկումներից հետո որոշում կայացվեց Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, որին դեմ էր ԵԼՔ խմբակցությունը` վկայակոչելով, որ այդ փաստով արդեն հարուցված է քրեական գործ։

Աղբյուրը՝ armtimes.com