«Իմ ամբողջ ընտանիքը ֆուտբոլային է՝ ամուսինս, երեխաներս, ես. մենք մեր ամբողջ կյանքը ֆուտբոլին ենք նվիրել ու անասելի մեծ ցանկություն ունեմ, որ ֆուտբոլը ծաղկի». Ո՞վ է Մարինա Թաշչյանի՝ ՀՖՖ նախագահի թեկնածուն

Ինչպես տեղեկացրել ենք, արդեն հայտնի են Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի թեկնածուների վերջնական պատկերը. ըստ այդմ՝ այս պաշտոնին են հավակնում  Խորեն Հովհաննիսյանը, Թովմաս Գրիգորյանը և Արմեն Մելիքբեկյանը: Սպասվող ընտրությունների, ակնկալիքների և այլնի մասին զրուցել ենք ՀՖՖ գործկոմի անդամ Մարինա Թաշչյանի հետ:

-Տիկին Թաշչյան, որքանո՞վ եք հետևում այս գործընթացին, թեկնածուների վերջնական պատկերն արդեն պարզ է, ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ մրցակցություն է սպասվում:

-Հետևում եմ բոլոր իրադարձություններին, գիտեմ, որ 4 թեկնածու ունենք այս պահի դրությամբ: Երեքին ճանաչում եմ, բայց, ճիշտն ասած, Արսեն Աղաջանյանի մասին չէի լսել, չնայած, որ ամբողջ կյանքս ֆուտբոլում եմ անցկացրել:

Ու՞մ եք տեսնում այս պաշտոնում, ըստ Ձեզ ի՞նչ որակներ պետք է ունենա  այն մարդն,  ում ուսերին է դրվելու մի պաշտոն, որը քննարկվում է ոչ միայն սպորտասերների կողմից, այլև ողջ հանրության:

-Ըստ իս՝ ամենաարժանի թեկնածուն Թովմաս Գրիգորյանն է. նրան երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ: Գիտեմ, որ տեղյակ է ֆուտբոլային բոլոր  փոփոխությունների մասին, իսկ ֆուտբոլն աճող սպորտաձև է ՝ ամեն օր նոր օրենքներ, նոր մոտեցումներ: Բացի այդ, Գրիգորյանը երկար տարիներ եղել է գործադիր կոմիտեի անդամ, ղեկավարել է ֆուտբոլային ակումբ, տարբեր հիմնարկություններ, ունի ղեկավարի ջիղ, լավ է հասկանում ֆուտբոլից և իհարկե ճանաչված է ֆուտբոլային ընտանիքում:

Շատ լավ ճանաչում եմ նաև Խորեն Հովհաննիսյանին, նա մեր լեգենդ ֆուտբոլիստներից է եղել, բայց այսօր վստահ չեմ, որ Խորենը կկարողանա կառավարել Ֆեդերացիան:

Թեկնածուների ներկայացրած ծրագրերում ի՞նչ շեշտադրումներ պետք է լինեն, որ վստահ լինենք՝ ֆուտբոլն այս անգամ վստահելի ձեռքերում է:

-Պետք է հիմքից սկսել, այսինքն՝ մանկապատնեկան ֆուտբոլից: Եթե մենք չզարգացնենք մանեկապատանեկան ֆուտբոլը, չենք ունենա թիմեր, հավաքականներ: Շենք կառուցելիս էլ առաջինը հիմքն  է դրվում՝ ֆունդամենտը, նոր պատերն են շարում: Մեր մանկապատանեկան ֆուտբոլն ու մասսայական ֆուտբոլը ֆունդամենտն են, պատերը՝ ակումբներն են, տանիքը՝ հավաքական թիմերը:

-Կխնդրեմ նշեք 3 հիմնական բաց, որոնք Ֆեդերացիայի նորընտիր  նախագահը պետք է առաջնայինը լուծի:

-Առաջին հերթին պետք է լավ մասնագետներ ունենանք մանկապատանեկան ֆուտբոլում, որոնք կսովորեցնեն այս սպորտաձևի առաջին տառերը: Երկրորդը՝ լավ մասնագետներ՝ հավաքական թիմերում, իսկ լավագույններից լավագույնն՝ Ազգային հավաքականում: Բացերն առհասարակ շատ են՝ պետք է սկսենք ֆուտբոլը զարգացնել  բոլոր մարզերում,  արդյունքում լայն ընտրութուն կունենանք, լավ երեխաների  կբերենք հավաքական: Այսօր, ցավոք, չունենք այդ  ընտրություն ու ժամանակ առ ժամանակ ստիպված ենք լինում լավ ֆուտբոլիստներ գտնել արտասահմանյան երկրներից:

-Եվ վերջում, տիկին Թաշչյան, ի՞նչ ակնկալիքներ ունենք այս ընտրություններից:

Շատ եմ ցանկանում, որ լինեն արդար ընտրություններ և որ քաղաքականությունը չխառնվի ֆուտբոլին. ֆուտբոլային մարդիկ իսկապես կարողանան ֆուտբոլը ոտքի կանգնեցնել:  Իմ ամբողջ ընտանիքը ֆուտբոլային է՝ամուսինս, երեխաներս, ես. մենք մեր ամբողջ կյանքը ֆուտբոլին ենք  նվիրել. անասելի մեծ ցանկություն ունեմ, որ ֆուտբոլը ծաղկի և ունենանք լավագույն արդյունքները:

Hotnews.am