Ռոնալդուն ճանաչվել է Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է թուրինյան թիմի պաշտոնական կայքը:

Մրցանակը պորտուգալացուն է հանձնվել Gran Galà del Calcio-2019 մրցանակաբաշխության ժամանակ: Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 31 հանդիպման` դառնալով 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ մրցաշրջանի լավագույն ակումբ է ճանաչվել «Ատալանտան», իսկ թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին էլ ստացել է լավագույն մարզչի մրցանակը:

Հիշեցնենք, որ պորտուգալացին ներկա չէր Փարիզում կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը, որտեղ France Football-ի վարկածով 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։ Քվեարկության արդյունքներով Ռոնալդուն միայն երրորդն էր:

Tert.am