Մենուա Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Որքանով հասկանում եմ վերջերս ծավալվող իրադարձություններից, շատերի համար ՀՖՖ նախագահի պաշտոնն ինքնանպատակ է։ Մեծ անհամբերությամբ կսպասեմ ինչպես առաջադրված, այնպես էլ առաջադրվող թեկնածուների ծրագրերին։ Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՖՖ նախագահի թեկնածու տեսնում եմ ֆուտբոլային մարդու, ով ո’չ միայն կյանքով ու հոգով տրված է ֆուտբոլին, այլ որն ամենակարեւորն է` ունի ղեկավարման անհերքելի հսկայական փորձ ու կարողություն։ Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ ներկայիս գործկոմի կազմում թերեւս ամենաֆուտբոլային անձն է։ 2003 թվականին, երբ ֆուտբոլից անցա ֆուտզալին, սկսեցի ճանաչել Թովմաս Գրիգորյանին։ Այն ժամանակ պարոն Գրիգորյանը հանդիսանում էր Թալ Գրիգ ֆուտզալի ակումբի նախագահը։ 2005 թվականին Թովմաս Գրիգորյանի կողմից առաջարկություն ստացա` տեղափոխվել Թալ Գրիգ, որի կազմը, փաստացի, Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի կորիզն էր։ Իմ եւ պարոն Գրիգորյանի միջեւ քանիցս եղել են տարաձայնություններ, որոնք ո’չ թե անձնական հարթության վրա էին, այլ բացառապես ֆուտբոլային։ Կարեւորն այն է, որ խնդիրները լուծվել են, միայն ու միայն, ի շահ ֆուտբոլի։ Այսինքն, բազմաթիվ առիթներ եմ ունեցել համոզվելու, որ գործ ունեմ ֆուտբոլային մարդու հետ։ Ներկայացված լինելով ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին եւ ներկա ղեկավար կազմում՝ գործկոմում, պարոն Գրիգորյանը ձեռք է բերել հսկայական փորձ, որն անկասկած օգտակար կլինի հնարավոր պաշտոնավարման ընթացքում։ Նկատում եմ չափազանց մտահոգիչ եւ անընդունելի մեկնաբանություններ, որոնք հնչեցվում են ֆուտբոլային աշխարհում գտնվող տարբեր մարդկանց կողմից։ Սա ոչ այլ ինչ է, քան մյուս թեկնածուին սեւացնելու բացահայտ գործընթաց։ Նկատելի՝ տհաճ իրողությունը, բացառել է պետք թե՛ հասարակությունից, եւ թե՛, առավելեւս, ֆուտբոլից։ Եթե ցանկանում ես ունենալ ֆուտբոլային առողջ ընտանիք, ապա պարտավոր ես համագործակցել, նպաստել, քո լուման ներդնել, այլ ոչ թե տգեղ գործելաոճով կամ հռետորաբանությամբ, տեղ բացել ՀՖՖ նախագահի պաշտոնի կամ գործկոմի անդամության թեկնածության համար։ Վերջապես հնարավորություն ունենք կազմակերպելու, ունենալու մաքուր ֆուտբոլային կառույց ու ընտանիք։ Մի կողմ դրեք անձնական նկրտումներով օժտված գործելաոճը եւ լծվեք մեր ֆուտբոլի զարգացման բաղձալի գործին։ Վաղուց գտնվում եմ ֆուտբոլային աշխարհում, որտեղ ո՛չ միայն իրադարձություններին եմ հրաշալի տեղյակ, այլեւ յուրաքանչյուրին, ով կապված է ֆուտբոլի հետ։ Պատկերացրեք, թե որքան խորությամբ եմ ուսումնասիրել դաշտը, որքան խորությամբ եմ ուսումնասիրել մեր հնարավորություններն ու զարգացման իրատեսական ճանապարհը։ Ոլորտում մարդիկ շատ են, սակայն պետք է կարողանալ գիտակցել ու վստահել մեկին, ով հավասարապես տիրապետում է ֆուտբոլային ներքին անցուցարձին, մարզաձեւին եւ կառավարման մոդելներին ու արդյունավետ կազմակերպմանը։ Վստահեցնում եմ՝ ֆուտբոլային գերատեսչության գործառույթներն իրականացնելու բարդ գործը պետք է տալ նրան, ով թե՛ իր ծրագրով, թե՛ իր փորձով ու որակներով, կարող է իրագործել այն խնդիրը, որը խորությամբ ծառացած է հայկական ֆուտբոլի առջեւ։
Հ.Գ. – Գրածիս տակ չեմ քննարկելու ոչինչ։ Ես միայն հայտնեցի տեսակետս, որը կարող է, եւ իրավունք ունի, չհամապատասխանելու Ձեր տեսակետի հետ։ Ես բոլորիդ տեսակետը հարգում եմ եւ կխնդրեմ, որպեսզի հարգանքը լինի փոխադարձ։ Իսկ քննարկելու տեղն ու ժամանակը կլինի դեռեւս։