Արթուր Ալեքսանյանի համար անհանգստանալու կարիք չկա. մարզիչը՝ վնասվածքի մասին

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի (97 կգ) համար անհանգստանալու կարիք չկա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի 2019թ. առաջնության ընթացքում նա ծանր վնասվածք է ստացել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ Ալեքսանյանն իր հետ զրույցում հաստատել է տեղեկատվությունը:

Գեւորգյանը, որը մրցավայրում ըմբիշի կողքին է, նշեց, որ կողն է ցավեցրել, սակայն ամեն ինչ կարգին է, վնասվածքները մարզիկների համար սովորական երեւույթ են, նման բաներ պատահում են: Մասնագետն ընդգծեց, որ Արթուրը մեծ վճռականությամբ տրամադրված է եզրափակչին ու պատրաստվում է ոսկի նվաճել: Ամեն դեպքում՝ մարզիչները վերահսկողության տակ են պահում իրավիճակը, ու եթե զգան, որ մասնակցությունը կարող է վնասել, այդ ժամանակ կորոշեն՝ ինչ անել:

Ալեքսանյանն աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկու համար կպայքարի այսօր՝ սեպտեմբերի 16-ի երեկոյան: Մրցակիցը ռուս Մուսա Եվլոեւն է:

Ալեքսանյանը պայքարն սկսել է որակավորման փուլից, որտեղ հաղթել է բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին: 1/16 եզրափակչում առավելության է հասել ֆինն Էլիաս Կուսմանենի, 1/8 եզրափակչում՝ թուրք Չենք Իլդեմի, քառորդ եզրափակչում՝ իրանցի Աբդուլա Սարավիի, կիսաեզրափակչում՝ վրացի Գիորգի Մելիայի նկատմամբ:

Արթուր Ալեքսանյանն արդեն ապահովել է Տոկիո 2020-ի ուղեգիրը: Այս մրցաշարից հետո նա բավական ժամանակ կունենա՝ վերականգնվելու համար, քանի որ թեեւ 2020թ. Եվրոպայի առաջնություն դեռեւս կա, սակայն հաջորդ խոշոր մրցումը, միեւնույն է, օլիմպիական խաղերն են:

armtimes.com