ՀՀ սպորտի նախարարությունը կասեցրել է Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը. Արթուր Գևորգյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը 01.04.2019 թվականին կասեցրել է նախարարության և ֆեդերացիայի միջև կնքված պայմանագրով ֆեդերացիայի ֆինանսավորումը՝ մինչև ֆեդերացիայի օրինական հիմքերի ապահովումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:

«Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն և սպորտի նախարարությունը վերջնականապես հաստատեցին այն իրողությունը, որ ծառայում են մեկ անձի շահերին և նրա քմահաճույքների կատարմանը:

Այսպես, ՀՀ սպորտի նախարարությունից ստանում եմ գրություն, որով ասվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը 01.04.2019 թվականին կասեցրել է նախարարության և ֆեդերացիայի միջև կնքված պայմանագրով ֆեդերացիայի ֆինանսավորումը՝ մինչև ֆեդերացիայի օրինական հիմքերի ապահովումը:

Բռնցքամարտի ֆեդերացիան՝ որպես օլիմպիական մարզաձև, ֆինանսավորվել է պետական բյուջեից: Այս տարի ևս կնքվել է համապատասխան պայմանագիր, սակայն մեկ անձի կամակատար սպորտի նախարարությունն իր ապօրինի որոշմամբ դադարեցրել է ֆինանսավորումը, այն էլ այն ժամանակ, որ բռնցքամարտն իր զարգացման լավագույն ժամանակներն է ապրում:

Նման ակնհայտ ապօրինություն և ակնհայտ ոչ իրավաչափ վարչարարություն չենք հանդուրժելու և դիմելու ենք ՀՀ վարչապետին, ակնկալելով ինստիտուցիոնալ տեսքի բերել նախարարությանը:ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան պահանջել է տրամադրել կայացված որոշման ընդունման հիմքում ընկած վարչական վարույթի նյութերը։

Հանրությանը մշտապես տեղեկացնելու ենք իրավասու մարմինների բոլոր ապօրինությունների մասին»,-գրել է Արթուր Գևորգյանը:

 

Աղբյուրը՝  tert.am