Արաս Օզբիլիսի հրաժեշտի նամակը․․․

Հոլանդական «Վիլլեմ-2»-ի հայ կիսապաշտան Արաս Օզբիլիսը, որը խզել է պայմանագիրը ակումբի հետ բաց նամակ է գրել իր ափսոսանքը հայտնելով տեղի ունեցածի համար:

«Տեղյակ եք, որ իմ և «Վիլլեմի» ճանապարհները բաժանվել են: Կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբի աշխատակիցներին, իմ թիմակիցներին, խոհանոցի աշխատակիցներին, բժշկական անձնակազմին և թիմի երկրպագուներին: Ստեղծված իրավիճակի պարագայում կցանկանայի պարզաբանում մտցնել: Ճիշտ է, որ ես հրաժարվել եմ փոխարինման դուրս գալ «Ֆորտունա Սիթլարդի» հետ խաղում:

Դա սխալ էր և ես արդեն ներողություն եմ խնդրել դրա համար: Զգացմունքներս տեղի տվեցին, երբ ես տեսա, որ խաղադաշտ պետք է դուրս գա մի ֆուտբոլիստ, որը 2 շաբաթ վնասվածք ուներ և խաղից առաջ ընդամենը մեկ անգամ էր մարզվել` խաղի նախորդ օրը: Խնդիրը ո՛չ այդ ֆուտբոլիստի մեջ է, ո՛չ էլ նրա, որ ես չխաղացի… խնդիրը իրավիճակի մեջ էր: Ես իսկապես ցավում եմ, որ ամեն ինչ այսպես ավարտվեց:
Վշտացած եմ նաև «աշխատել չցանկանալու» որակումից: Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես պրոֆեսիոնալ եմ, կարգապահ և ազնիվ: Բայց ես ևս սխալվում եմ»,- գրել է Օզբիլիսը:

Հիշեցնենք, որ Հոլանդիայի առաջնության 28-րդ տուրից հետո Օզբիլիսը տեղափոխվել է «Վիլլեմ-2»-ի երկրորդ թիմ` «Ֆորտունա»-ի դեմ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ կիսապաշտպանը հրաժարվել է փոխարինման դուրս գալ:

Կողմերը հանգել էին այն եզրակացության, որ իրավիճակի միակ լուծումը պայմանագրի խզումն է: