Սեփական միջոցներով վիրահատվելուց հետո ՀՀ առաջատար ըմբիշը մոտ է ապաքինման

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի բրոնզեմեդալակիր Վալոդյա Ֆրանգույլանը (65 կգ) մոտ է վերջնական ապաքինման: Այս օրերին նա ընտրանու կազմում Երեւանում՝ «Օլիմպավանում», մասնակցում է ուսումնամարզական հավաքի: Ֆրանգուլյանն ուսի վնասվածք ուներ: Վիրահատվել է 2018 թ. նոյեմբերին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ աստիճանաբար իրեն ավելի լավ է զգում:

«Վնասվածքս ապաքինման ճանապարհին է, վերականգնողական ընթացքն է հիմա: Փոփոխություն զգում եմ ամեն 10 օրը մեկ, արդեն դեպի լավն է գնում: Չի լավացել, բայց արդեն այս հավաքին սկսել եմ գորգի պարապմունքները: Ինձ թվում է՝ 1 ամսից արդեն լրիվ լավ կլինի, կփորձեմ մասնակցել Եվրոպական խաղերին»,- ասաց նա:

Ֆրանգուլյանը ուսը վնասել է 2018 թ. Եվրոպայի առաջնության, ապա մարզումների ժամանակ: Տարբեր տեղերում ստուգվել է, սակայն ասել են՝ լուրջ բան չկա: Լրջությունը նկատել են միայն Գերմանիայից Հայաստան կոնֆերանսի մասնակցելու համար ժամանած բժիշկները: Նրանք խորհուրդ են տվել վիրահատվել Գերմանիայում, սակայն դա մատչելի չէ, այդ պատճառով մարզիկը վիրահատվել է ՀՀ-ում՝ այն բժշկի մոտ, որին գերմանացիները խորհուրդ են տվել:

«Բժիշկներից, բուժումից գոհ եմ: Մնացածը կախված է ինձանից, վիրահատությունից եւ հետեւելուց»,- ասաց նա:

Բուժման ծախսերը Եվրոպայի բրոնզեմեդալակիրը հոգացել է սեփական միջոցներով: Թե որքան է վճարել, չի ցանկանում բարձրաձայնել: Ընդգծում է, որ ամեն ինչ անում է, որպեսի շարունակի մարզական կարիերան:

«Չեմ ուզում գումարի չափը նշել, բայց ինչ վերաբերում է իմ առողջությանը, ջանք չենք խնայում թե՛ ես, թե՛ իմ ընտանիքը, թե՛ իմ ընկերները, որպեսզի ամեն ինչ լավ լինի ու շարունակեմ մարզումներս»,- ասաց նա:

Ապրիլի 8-14-ը Ռումինիայում կայանալիք Եվրոպայի 2019 թ. առաջնությունը Ֆրանգուլյանը բաց է թոնելու, դեռ պատրաստ չէ: Ամռանը՝ հուլիսի 19-21-ը, Երեւանում կայանալիք Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարին վստահ է, որ կկարողանա մասնակցել: Մոտ ապագայի համար նրա առաջնահերթ նպատակը հունիսի 21-ից հուլիսի 1-ը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին հասցնելն է:

«Առաջնայինը ցանկանում եմ նախապատրաստվել Եվրոպական խաղերին: Մարզիչների հետ կորոշենք, ու եթե հասցնեմ, ժամանակի մեջ տեղավորվեմ, կմասնակցեմ Եվրոպական խաղերին, այնուհետեւե Ստեփան Սարգսյանի մրցաշարին»,- ասաց նա:

Իսկ տարվա գլխավոր նպատակը սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է: Այն կարեւոր է, քանի որ վարկանիշային է 2020 թ. կայանալիք օլիմպիական խաղերի համար:

«Գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունն է, որպեսզի օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերեմ, այնուհետեւ պատրաստեմ օլիմպիական խաղերին»,- ասաց նա:

Հենց օլիմպիական խաղերին մասնակցելու համար է Ֆրանգուլյանը ոչ օլիմպիական 61 կգ քաշային կարգից տեղափոխվել օլիմպիական քաշային կարգ՝ 65 կգ: Այստեղ նրան լուրջ մրցակցություն է սպասվում: Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, որ վերջերս հանդես է գալիս 70 կգ-ում, նույն նպատակի համար նույնպես կտեղափոխվի 65 կգ քաշային կարգ: Բացի այդ՝ այստեղ է նաեւ Վազգեն Թեւանյանը, որը նվաճել Եվրոպայի 2019 թ. առաջնությունում ՀՀ-ն ներկայացնելու իրավունքը:

«Շատ ուժեղ պայքար է սպասվում: Ընդհանարեպես, որ քաշային կարգում մրցակցությունը շատ է, այդ քաշային կարգում դրսում հաջողության կարող ես հասնել, դրա շնորհիվ կարող ենք ավելի լավ մարզվել, ուժեղանալ»,- ասում է Ֆրանգուլյանը:

Վերջին մրցաշարը, որին նա մասնակցել է, եղել է Բուդապեշտում կայացած աշխարհի 2018 թ. առաջնությունը: Նա բաց է թողել դեկտեմբերի կայացած ՀՀ 2018 թ. առաջնությունը (նրա քաշային կարգում հաղթել է Թեւանյանը) եւ այս տարվա սկզբի միջազգային մրցաշարերը:

Աղբյուրը` http://www.armtimes.com/hy/article/158283