Լեւոն Ջուլֆալակյանն ասել է՝ ինչու Միհրան Հարությունյանը չի հրավիրվում հավաքական

Օլիմպիական արծաթեմեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը հավաքական չի հրավիրվում, քանի որ չի մարզվում նախատեսված ծրագրով: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Ավելի վաղ Հարությունյանը հայտարարել էր, որ պատրաստ է գնալ հավաքական, պարզապես կարծում է՝ իրեն այնտեղ չեն սպասում: Ջուլֆալակյանն ընդգծում է, որ բոլորը պետք է հետեւեն ուսումնամազրական պլանին:

«Աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի մի հավաքական, որ մարզիկը տանը նստած պատրաստվի: Ցանկացած մարզիկ պարտավոր է անցկացնել հավաքականի բոլոր ուսումնամարզական հավաքները, մրցաշարերը, ապացուցի, որ ինքը գործող մարզիկ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ, եթե այդպես է, կարիերան ավարտած Կարեն Մնացականյանը, Վաղինակ Գալստյանը կամ Ռոման Ամոյանն էլ կարող են հրավիրվել:

Մասնագետը նշեց, որ հավաքականի դռները բաց են բոլորի առաջ: Պարզապես բոլորը պետք է հասկանան, որ անունները կարեւորը չեն: Շեշտեց, որ կարգուկանոնը բոլորի համար է:

«Ով պատրաստվում է, ով ցանկություն ունի եւ ապացուցում է, բոլորը շանս ունեն, իսկ այն մարդը, որը տանը նստած միայն հայտարարություններ է անում, շանս չունի՝ անկախ անուններերից: Մոռացեք անունները, սպորտն ունի պահանջներ, որ բոլորի համար են»,- ասաց նա:

Այսօր մարզիչը նաեւ հայտարարեց այն ըմբիշների անունները, որոնք Հայաստանն են ներկայացնելու Եվրոպայի 2019 թ. առաջնությունում: Նրանք են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կանաչյանը (72), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130)։

77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանի համար լուրջ մրցակցություն ստեղծող Կարապետ Չալյանն այս օրերին հավաքականի հետ չէ, Երեւանում՝ «Օլիմպավանում», ընթացող հավաքին չի մասնակցում վնասվածքի պատճառով:

«Բելառուսի հավաքի ընթացքում լուրջ վնասվածք է ստացել: Ծնկի վնասվածք է: Այս պահին գիպսի մեջ է ոտքը: 1 շաբաթից պարզ կլինի՝ կվիրահատվի, թե՝ ոչ»,- ասաց մարզիչը:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը վերջին ամիսներին ԱՄՆ-ում բուժվում էր վնասվածքից, լիարժեք ապաքինվել ու մարզվում է, սակայն Եվվրոպայի առաջնությանը չի մասնակցի: Նրա ու ընդհանրապես հավաքականի համար այս տարի ամենակարեւորն աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար:

«Մեր այս տարվա գլխավոր մրցաշարն աշխարհի առաջնությունն է, որովհետեւ վարկանիշային է, առաջինից 5-րդ տեղերին են տալիս: Վարկանիշ ձեռք բերելու կարգն ահագին բարդացած է: Եթե աշխարհի առաջնությունից վերցնենք, անհամեմատ մեծ գործ արած կլինենք եւ հանգիստ կպատրաստվենք օլիմպիական խաղերին: Այլ պարագայում 2020 թ. մինչեւ ապրիլը 2 մրցաշար է մնալու, մի խոսքով անհամեմատ ավելի բարդ կլինի»,- ասաց նա:

Եվրոպայի 2019 թ. առաջնությունը կայանալու է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Սկսվելու է մարտի 8-ին: Ավարտվելու է 14-ին: