«Արսենալում» շաբաթը 180 հազար ֆունտ ստեռլինգ ստացող Մխիթարյանը կարող է տեղափոխվել Թուրքիա. Mirror

Բրիտանական The Mirror պարբերականը հավանական է համարում, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել թուրքական ակումբում: Բրիտանական մամուլը նոր թափով է սկսել խոսել 30-ամյա կիսապաշտպանի՝ «Արսենալից» գնալու մասին, ու այժմ քննարկվում են տարբերակները: The Mirror-ը մեջ է բերում բուքմեյքերական ընկերությունների կանխատեսումները:

Թուրքիան հավանական տարբերակների մեջ առաջինը չէ, սակայն, ըստ բուքմեյքերների, բավական իրատեսական է: Նշվում է, որ «Գալաթասարայն» ու «Ֆեներբախչեն» այն թիմերն են, որոնք կարող են թույլ տալ իրենց նման բարձր աշխատավարձով ֆուտբոլիստ ձեռք բերել:

Մյուս տարբերակը, ըստ նրանց, Դորտմունդի «Բորուսիան» է, որտեղ Մխիթարյանը հանդես է եկել 2013-16 թթ.: Նա Գերմանիան լքել էր «Մանչեստեր Յունայթեում» հանդես գալու համար: «Բորուսիան» հեռացած ֆուտբոլիստներին հետ ընդունելու սովորություն ունի: Նման օրինակներից են Մարիո Գյոտցեն, Նուրի Շահինը, Սինձի Կագավան:

«Էվերթոնը» եւս հնարավոր տարբերակների շարքում է: The Mirror-ը գրում է, որ ամառային տրանսֆերային պատուհանից հետո թիմը մեծ հույսեր է ունեցել, որոնք չեն արդարացել: Այդ պատճառով էլ «Էվերթոնը» կարող է փորձել ուժեղացնել կազմը:

Ճապոնիան նույնպես նշվում է: Վերջին շրջանում այնտեղ են հայտնվել կարիերան ավարտելու փուլում գտնվող այնպիսի աստղեր ինչպիսիք են Անդրես Ինյեստան և Ֆերնանդո Տոռեսը:

Ամենահավանական տարբերակը, բուքմեյքերական կանխատեսումների համաձայն, Չինաստանն է: Նշվում է, որ չինական ակումբները շատ գրավիչ են ծերացող ֆուտբոլիստների համար, քանի որ բարձր աշխատավարձներ են առաջարկում:

«Զինագերծները» ցանկանում են վաճառել Մխիթարյանին նրա բարձր աշխատավարձի պատճառով (180 հազար ֆունտ ստեռլինգ): Ակումբում կարծում են, որ այդ աշխատավարձը տնտեսելով ու նրա վաճառքից ստացած գումարով կարող են ուժեղացնել թիմի կազմն այլ ֆուտբոլիստներով:

Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդից» «Արսնեալ» էր տեղափոխվել 2018 թ. հունվարին: ՄՅՈՒ-ն նրան ու որոշակի գումար էր տվել «զինագործներին» նրանց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին ստանալու համար: The Mirror-ը գրում է, որ 2 ֆուտբոլիստներն էլ չեն արդարացրել իրենց ակումբների սպասելիքները՝ հատկապես չիլիացին «մանկունյանցիներին»: