«Опять двойка». Ո՞վ է Ֆինլանդիայից կրած պարտության գլխավոր մեղավորը

«Սխալվեցինք, այդ պատճառով էլ բաց թողեցինք գոլերը։ Առանց սխալի գոլ չի լինում։ Իրոք, շատ պարզ գոլեր էին։ Մենք չկարողացանք մեր գոլային պահերը իրացնել, և մրցակիցը մեզ գոլ խփեց հակագրոհի ժամանակ»,- Եվրոպայի առաջնության ընտրական փուլում երեկ Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո ասաց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Վերջինիս պարտության վերաբերյալ մեկնաբանությունը մեծ ցանկության դեպքում էլ սպառիչ չես համարի: Այն, որ սխալվեցինք և պարտվեցինք պարզ է բոլորի համար: Բոսինա և Հերցեգովինայի հետ հանդիպումից հետո որոշակի հույսեր ունեինք, որ Երևանում դրական արդյունքի կհասկանանք, բայց…: Երեկվա հանդիպումը բացառիկ էր հայկական ֆուտբոլի համար: Պարտությունից հետո երեք օր անց Հանրապետական մարզադաշտում ասեղ գցելու տեղ չկար. շատերը կանգնած էին հետևում խաղին:

Երկրպագուն այլևս իր հավաքականի կողքին է և դա փաստ է: Այն որ իրավիճակ է փոխվել ոչ միայն մեր երկրում, այլև հայկական ֆուտբոլում ևս անհերքելի է: Հավաքականի խաղում սակայն դրական փոփոխություններն ըստ էության նկատելի չեն: Սխալներից ոչ-ոք ապահովագրված չէ և դրանց հետևանքով պարտվելը կարելի է ինչ-որ տեղ նորմալ երևույթ համարել: Վառ օրինա. Ազգերի լիգայի խաղարկությունում Մակեդոնիայի հավաքականի դարպասապահ Ստոլե Դիմիտրևսկին 4 կոպտագույն սխալ թույլ տվեց և մենք Երևանում հաղթեցինք 4:0 հաշվով: Բայց Մակեդոնիան ընդհանուր առմամբ ենթախմբում գրավեց առաջին հորիզոնականը, իսկ մենք դուրս մնացինք հետագա պայքարից: Ինչու, որովհետև մենք սխալվեցինք ոչ թե մեկ, այլ մի քանի խաղերում, ու ցավոք շարունակում ենք սխալվել: Արդյո՞ք մեզ բավարարում է՝ պայքարեցինք, վատ չխաղացինք և պարտվեցինք թեզը: Բնականաբար ոչ: Ինչ-խոսք կարելի է սխալների մեջ մեղադրել առանձին խաղացողների, ասել, որ նրանք թույլ են, ֆուտբոլիստ չեն և այլն: Դա ոչինչ չի փոխի, քանզի այս պահին ունենք այն, ինչ ունենք: Պատճառները շատ ավելի խորքային են: Այո, կադրային լուրջ խնդիրներ ունենք, բայց շատերը կհամաձայնվեն, որ այս հավաքականն էլ ունի պոտենցիալ և եղած կադրերով կարելի է շատ ավելի լավ խաղալ:

Շարունակ փորձում ենք հավատալ, որ Գյուլբուդաղյանցին կհաջողվի ոտքի կանգնացել մեր ազգային թիմին: Այսօր նա է մեր գլխավոր թիմի գլխավոր հրամանատարը: Նրա գլխավորությամբ առաջին իսկ խաղում Հայաստանի հավաքականը պատմության մեջ ամենախայտառակ պարտություններից մեկը կրեց Երևանում զիջելով Ջիբրալթարի կիսապրոֆեսիոնալ թիմին: Բնական է, որ այդ խաղով մարզչի որակների մասին կարծիք արտահայտելը ճիշտ չէր լինի: Գյուլբուդաղյանցի մարզչական որակների մասին խոսելն իրականում դժվար էր նաև մինչև նրա ազգային թիմի ղեկին հայտնվելը: Բանանց, Իմպուլս, Ալաշկերտ, Փյունիկ: Սրանք այն ակումբներն են, որոնք մարզել է մեր հավաքականի մարզիչը: Նա գլխավորել է նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները: Ինչ նշանակալի արդյունք են գրանցել նշված թիմերը Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Խոսքը Հայաստանի առաջնությունում և գավաթի խաղարկությունում գրանցված արդյունքի մասին չէ: Օրինակ Անդրեյ Տալալաևի գլխավորությամբ Փյունիկն անցյալ տարի Եվրոպա լիգայի խաղարկությունում որակավորման երկու փուլ հաղթահարեց: Սա կարելի է համարել լուրջ արդյունք: Հայաստանում հաջողությունների հասած մասնագետներին կարելի է շարունակ թվարկել: Բայց Հայաստանի ազգային հավաքականը ամենևին էլ Բանանց կամ Իմպուլս չէ: Հայաստանի ազգային հավաքականը փորձադաշտ չէ:

Հավաքականը պետք է վստահել մասնագետի, որին գոնե ակումբային մակարդակով միջազգային ասպարեզում հաջողվել է ցույց տալ արդյունք: Հայաստանի հավաքականը թիմ է, որից ակնկալում ենք արդյունք: Այստեղ հարց է ծագում՝ ինչո՞ւ ՀՖՖ-ն ազգային թիմը վստահեց հենց Գյուլբուդաղյանցին: Այս հարցի պատասխանն իրականում դժվար է տալ: Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ սխալվել և ոչ-ոքի ենք խաղացել Լիխտենշտեյնի գաճաճ հավաքականի հետ, սխալվել և պարտվել ենք Ջիբրալթարի կիսապրոֆեսիոնալ հավաքականին, սխալվել և պարտվել ենք Բոսնիային և վերջապես սխալվեցինք և պարտվեցինք Ֆինլանդիային: Համաձայնվենք, որ 5 ամսվա ընթացքում չափից շատ ենք սխալվել և պարտվել: Կարող ենք խոսել երեկվա խաղում առկա մարզչական վրիպումների մասին, բայց կրկին անգամ նշենք, որ խնդիրը շատ ավելի գլոբալ է: Միայն մեկ պարզագույն օրինակ. Վիզուալ առումով մենք Ֆինլանդիայից այնքան էլ թույլ չէինք: Ի տարբերություն ֆինների, սակայն մենք չունեինք խաղային մոդել:

Բարձրակարգ մարզչի համար 6 հանդիպումը կարծում ենք բավարար էր խաղային մոդել ձևավորելու համար: Իսկ մենք դեռ պետք է շարունակենք աշխատել ու ամեն անգամ փորձենք ուրախացնել ազգին: Վերլուծելով վերջին 6 հանդիպումները՝ կարող ենք ասել, որ թե Բոսնիայից և թե Ֆինլանդիայից կրած պարտությունները մարզչական էին: Ու հիմա հաջորդ խաղում պետք է հուսանք, որ չենք սխալվի ու պարտվի, կամ բախտներս կբերի: Ամենայն հարգանքով վերաբերվելով պարոն Գյուլբուդաղյանցին, ցավոք պետք է նշենք, որ մեր ազգային թիմում դրական տեղաշարժ չկա և որ ամենակարևորն է՝ շարունակում է բացակայել հիմնաքարը:

Աղբյուրը` https://www.1in.am/2530661.html