Ինչպես է Վլադիմիր Պուտինն Արման Ծառուկյանին փրկել ճանապարհային ոստիկաններից

Խառը մենամարտի մարզիկ Արման Ծառուկյանի հետ մի դեպք է պատահել, որից փրկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ լուսանկարի շնորհիվ։

Ծառուկյանը զվարճալի դեպքը պատմել է «Մատչ ՏՎ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա լուսանկարվել է «Պլատֆորմա S-70» մարտական սամբոյի միջազգային մրցաշարի ժամանակ, որն անցկացվել է 2018 թվականին Սոչիում։ Մրցաշարին ներկա է եղել նաև Վլադիմիր Պուտինը։

«Մի անգամ ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրեց ինձ։ Չէին թողնում ինչ–որ տեղ անցնել։ Պատճառն արդեն չեմ հիշում։ Ես էլ Պետդումայից շնորհակալագիր ունեի, բայց վրան կնիք չկար։ Ոստիկանության աշխատակիցն ասաց. «Ի՞նչ շնորհակալագիր է։ Ու՞մ ես խաբում։ Կնիք էլ չկա, հարյուր հատ դրանցից կարող եմ սարքել»։ Ինչ–որ կերպ պետք է ապացուցեի, որ ես իսկապես սպորտով եմ զբաղվում, ցույց տվեցի նախագահի հետ լուսանկարը, նա էլ ասաց. «Կեցցես, անցիր», – պատմել է Ծառուկյանը։

Մարզիկը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպել է երկու մրցաշարերի ընթացքում։ Դրանցից մեկի ժամանակ նախագահը գովել է նրան. «Կեցցես, լավ մարտ էր»։

Ծառուկյանը խոստովանել է, որ Պուտինն ուժեղ աուրա ունի. անհասկանալի վիճակի մեջ ես ընկնում, երբ տեսնում ես նրան։

«Միայն հիշում եմ, որ խնդրեցի լուսանկարվել», – ասել է մարզիկը։

Ինչ վերաբերում է «ախալքալաքցի» մականունին, մարզիկը պարզաբանել է, որ Վրաստանում է ծնվել ու մինչև 2 տարեկանն այնտեղ է ապրել։ Հետո ծնողները Խաբարովսկ են տեղափոխվել։ Այստեղից էլ ծնվել է մականունը։

Մինչև 14 տարեկանը Ծառուկյանը զբաղվել է ըմբշամարտով, 12–ից 18 տարեկանը հոկեյ է խաղացել Խաբարովսկի «Ամուր» թիմում, բայց չի դադարել ըմբշամարտով զբաղվել։ Նույնիսկ մի շրջան է եղել, երբ հոկեյն է առաջնահերթ համարել։

«Ես կարող էի ըմբշամարտի պարապմունքը բաց թողնել, բայց հոկեյի գնում էի։ Սակայն ինձ չվերցրին «Ամուրի» հիմնական կազմ։ Չէի ուզում հենց այնպես մնալ ու սահել, ու սկսեցի գրեփլինգով զբաղվել», – ասել է Ծառուկյանը։

Ավելի ուշ հաղթել է Ռուսաստանի գրեփլինգի առաջնությունում ու որոշել է գոնե մեկ մարտ խառը մենամարտում անցկացնել։ Նա մասնակցել է փոքր մրցաշարի ու հաղթել։ Ուղարկել են ավելի լուրջ մրցաշարի, բայց նոկաուտով պարտվել է։

Նա խոստովանել է, որ դրանից հետո տհաճ տպավորություն է մնացել ու անգամ տարիներ անց, երբ դիտում է մարտի հատվածները, աշխատում է արագ թերթել, որ տեսանյութը չտեսնի։

Ծառուկյանն ասել է, որ այդ ժամանակ 18 տարեկան էր. հիվանդացել էր, հակաբիոտիկներ էր խմում, հակառակորդն էլ շատ ավելի փորձառու էր։

Կներկայացնի Հայաստանը

Ծառուկյանը պատրաստվում է UFC մրցաշարին, որտեղ նա մրցելու է դաղստանցի մարզիկ Իսլամ Մախաչաևի հետ։ Նա նշել է, որ մրցումներում բազմաթիվ անգամ ներկայացրել է Ռուսաստանը, սակայն UFC–ի հետ պայմանագիրը կնքելիս նշել է, որ Հայաստանն է ներկայացնելու։

Իսլամ Մախաչաևը 27 տարեկան է։ Իր կարիերայի ընթացքում գրանցել է 16 հաղթանակ, 1 պարտություն։ Արման Ծառուկյանը 22 տարեկան է, ունի 13 հաղթանակ, 1 պարտություն։ Քաշային կարգը` մինչև 70,3 կգ։

«Մեկ– երկու շաբաթ առաջ զանգեց մենեջերս` Սայաթ Աբդրահմանովը, ու առաջարկեց մրցել Իսլամ Մախաչաևի հետ ։ Առավոտյան 7–ին էր զանգել ու իր զանգով արթնացրել ինձ, բայց գիտեր, որ ինձ մոտ վաղ առավոտ է, ու կատակով հարցրեց` լա՞վ եմ հասկանում ասածը, թե ոչ, բայց հենց լսեցի UFC բառը, ասացի, որ ինձ մեկ է` ում հետ կմրցեմ», – պատմել է Ծառուկյանը։

Մարզիկը պայմանագիր է կնքել չորս մարտի ու միաժամանակ Մախաչաևի հետ մարտի համար։

Ծառուկյանն իսկույն զանգել է մարզչին, ու նրանք երկուսով մեկ րոպեի ընթացքում որոշել են, որ մասնակցելու են մարտին։

Աղբյուրը` https://armeniasputnik.am/sport/20190326/17824423/inchpes-e-vladimir-putinn-Arman-tsarukyanin-prkel-janaparhayin-vostikanneric.html