Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է MMA-ում կարիերան ավարտելու մասին

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը Twitter-ի իր պաշտոնական էջի միջոցով հայտնել է MMA-ում (խառը մենամարտեր) իր կարիերան ավարտելու մասին:

«Ողջո՛ւյն, ընկերներ, կարճ հայտարարություն ունեմ: Այսօր ես որոշել եմ լքել սպորտը, որը փաստացի հայտնի է որպես «խառը մենամարտերի արվեստ»: Հաջողություն եմ մաղթում իմ բոլոր նախկին գործընկերներին, այժմ ես միանում եմ արդեն թոշակի անցած իմ նախկին գործընկերներին: «Պինա Կոլադա» կոկտեյլն իմ հաշվին, ընկերնե՛ր», – գրել է մարզիկը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի մեծ աղմուկ էր հանել Մաքգրեգորի մենամարտը ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովի հետ, որի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով տուգանվել էին երկուսն էլ: Իռլանդացի մարզիկն այդ ժամանակ որակազրկվել էր 6 ամսով, ինչպես նաև տուգանվել 50 000 դոլարով: Նրա որակազրկման ժամկետն ավարտվում էր այս տարվա ապրիլին: