Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի վերջին տուրում կայացան մի քանի որոշիչ հանդիպումներ: Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, վերջնականապես հայտնի դարձավ՝ ովքեր են առաջին ու 2-րդ տեղերով 1/8 եզրափակիչ դուրս գալիս: Որոշ դեպքերում էլ ուղեգրի ելք վճռվեց:
Դորտմունդի «Բորուսիան» օգտվեց Մադրիդի «Ատլետիկոյի» սայթաքումից ու գլխավորեց A խումբը: Գերմանական թիմը վերջին՝ 6-րդ տուրում, հաղթեց «Մոնակոյին» (2:0), իսկ մադրիդցիները ոչ-ոքի խաղացին «Բրյուգեի» հետ (0:0): «Բորուսիան» ու «Ատլետիկոն» խմբային փուլն ավարտեցին 13-ական միավորով: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը զբաղեցրեց «Բորուսիան», իսկ «Ատլետիկոն» 1/8 եզրափակիչ դուրս եկավ 2-րդ տեղով: «Բրյուգեն», որը 6 խաղերի արդյունքում 6 միավոր վաստակեց, զբաղեցրեց 3-րդ տեղը, դուրս մնաց այս մրցաշարից եւ ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում: «Մոնակոն» 1 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը եւ այլեւս ոչնչի համար չի պայքարի:
B խմբում վերջին տուրից առաջ արդեն հայտնի էր, որ առաջին հորիզոնականը «Բարսելոնայինն» է: 2-րդ ուղեգրի համար էլ պայքարում էին «Թոթենհեմն» ու «Ինտերը»: Լոնդոնցիները ոչ-ոքի ախղացին «Բարսայի» հետ (1:1): Նույն հաշվով ավարտվեց նաեւ «Ինտերի» ու ՊՍՎ-ի դիմակայությունը: Կատալոնցիները խումբը գլխավորեցին 14 միավորով: «Թոթենհեմն» ու «Ինտերն» ավարտեցին 8-ական միավորով: «Թոթենհեմը» 2-րդ տեղով հաջորդ փուլ անցավ՝ «Ինտերին» գերազանցելով» լրացուցիչ ցուցանիշներով: Իտալական թիմն էլ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում: Խմբի անհաջողակը ՊՍՎ-ն է, որն ընդամենը 2 միավոր է վաստակել 6 խաղում:
Վերջին տուրից առաջ ամենախառը վիճակը C խմբում էր: Այստեղ 2 ուղեգրերի համար պայքարում էին 3 թիմ, ու 3-ն էլ շանսեր ունեին: ՊՍԺ-ն հաղթեց «Ցրվենա Զվեզդային» (4:1) ու ոչ միայն ուղեգիր նվաճեց, այլեւ 11 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրեց: 2-րդ ուղեգիրը բաժին հասավ «Լիվերպուլին»: «Մերսիսայդցիներին» «Նապոլիի» դեմ խաղում միայն հաղթանակ էր պետք, եւ նրանք դրան հասան (1:0): Ավատրեցին իտալական թիմի հետ հավասար միավորներով (9), սակայն շրջանցեցին լրացուցիչ ցուցանիշներով: «Նապոլին» տեղափոխվեց Եվրոպա լիգա, իսկ «Ցրվենա Զվեզդան» (4 միավոր) ավարտեց ելույթները եվրոպական ասպարեզում:
D խմբում երեկ «Շալկեն» հաղթեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» (1:0), «Պորտուն» էլ առավելության հասավ «Գալաթասարայի» նկատմամբ (3:2): Այս խմբից առաջին տեղով փլեյ-օֆ դուրս եկավ «Պորտուն» (16 միավոր), 2-րդ տեղով «Շալկեն» (11): 3-րդ տեղը զբաղեցրեց ու Եվրոպա լիգա տեղափոխվեց «Գալաթասարայը» (4): «Լոկոմոտիվը» եզրափակեց մրցաշարային աղյուսակը (3):
Այսօր կկայանան E, F, G, H խմբերի վերջին տուրի խաղերը: Տեղի կունենան «Պլզեն»-«Ռոմա», «Ռեալ»-«ԲԿՄԱ Մոսկվա», «Բենֆիկա»-ԱԷԿ, «Այաքս»-«Բավարիա», «Մանչեստեր Սիթի»-«Հոֆենհայմ», «Դոնեցկի Շախտյոր»-«Լիոն», «Վալենսիա»-«Մանչեստեր Յունայթեդ», «Յանգ Բոյզ»-«Յուվենտուս» հանդիպումները:
Աղբյուրը՝ armtimes.com