Եկեք հուսանք, որ Բայդենի հայտարարությունն առաջին քայլն է. ցեղասպանագետը վերլուծել է «ցեղասպանություն» եզրույթի կիրառման կարևորությունը

ԱՄՆ նախագահ Բայդենը կատարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ վաղուց հասունացած քայլը: ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը կարևոր և պատմական քայլ է, սակայն նաև թույլ մխիթարություն է: Նման կարծիք է հայտնել ցեղասպանագետ Սթիվեն Սմիթը, որի հոդվածը հրապարակվել է Jewish Journal պարբերականում:

«Ամերիկան ավելի քան մեկ դար գտնվել է պատմության սխալ կողմում: Պատկերացրեք, որ բրիտանական կառավարությունը 106 տարի շարունակ հերքեր Հոլոքոստը՝ Գերմանիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Դա կնշանակեր, որ հրեաները դեռ ստիպված կլինեին սպասել մինչև 2051 թվականը, մինչև բրիտանացի վարչապետը խիզախություն հավաքեր՝ ասելու «Հոլոքոստ» բառը»,- նկատում է մասնագետը:

«Նախագահ բայդենի շաբաթօրյա հայտարարությունը և՛ ողջունելի փոփոխություն է, և՛ ապացույց է, թե որքան համառ է մինչ այս պահը եղել ԱՄՆ-ն այս հարցում»,- շեշտում է Սմիթը:

Վերջինս նշում է, որ հայ համայնքում շատերն են ոգևորվել Բայդենի վարչակազմի հայտարարությամբ, սակայն ինքը՝ ոչ. «Կոչ եմ անում պատասխանատվության կանչել բազմաթիվ վարչակազմերին այն ցավի համար, որ նրանք պատճառել են, քաղաքական նպատակահարմարության դիմաց վաճառված քաղաքական ազնվության համար, պատմությունը ժխտողների հետ համագործակցելու համար, այն բանի համար, որ թույլ են տվել Ցեղասպանությունը վերապրած ամերիկահայերին մահանալ՝ չհասնելով արդարության և ճանաչման»:

Ըստ Սմիթի՝ «ցեղասպանություն» բառը հայկական Սփյուռքի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար նշանակում է, որ «մարդկային կյանքերի, ընտանիքների, ունեցվածքի, տան, եկեղեցիների, ինքնության և արժանապատվության կորուստը վերջապես արձանագրվել է»:

«Այն, ինչ պատահել է հայ ժողովրդի հետ 106 տարի առաջ, ցեղասպանություն է: Ճանաչումը գուցե արդարություն չբերի մեկ ընտանիքի կամ մեկ երեխայի համար, սակայն ճանաչումն աշխարհին պատմում է, որ մարդիկ իմաստազուրկ, համակարգային ատելության զոհ են դարձել, և եթե իրենց ընտանիքներն ատելության զոհ են դարձել, ապա իրենց ժառանգները կարող են ապրել»,- նշում է մասնագետը:

Նրա կարծիքով՝ նախագահ Բայդենը ճիշտ քայլ անելու պարկեշտություն է դրսևորել: «Սակայն եկեք հուսանք, որ նրա հայտարարությունն առաջին քայլն է»,- ասում է Սմիթը՝ նկատելով, որ Բայդենի խոսքերը պատշաճ կերպով չեն լուսաբանվել լրատվամիջոցների կողմից:

«Կարծում եմ՝ ԱՄՆ կառավարությունը հայ համայնքին թանգարան է պարտք՝ նման Հոլոքոստի ամերիկյան թանգարանին, ինչպես նաև պարտք է հանձնառությունը պատմելու և վերապատմելու կատարվածի մասին, որպեսզի այն այլևս չկրկնվի»,- եզրափակում է ցեղասպանագետը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործել է «Հայեց ցեղասպանություն» եզրույթը՝ նշելով, որ հայերի համակարգային բնաջնջումը կազմակերպել են օսմանյան իշխանությունները: