Քայլ առ քայլ մոտենում ենք ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այդ ընթացքում հանրային կերպով հարաբերությունների մերձեցման մասին խոսելը կարող է խորտակել մեր ճիգերը․ Վիգեն Հովսեփյան

Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհրդի նախագահ, ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի հետ Tert.am-ը զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ ինքը դրա հավանականությունը տեսնում է։

«Այս անգամ, եթե մեր հույսերը արդարանան՝ապրիլի 24-ի կապակցությամբ և պաշտոնական հայտարարության տեսքով «Հայոց ցեղասպաություն» եզրույթն օգտագործվի, կարևոր և հատկանշական անկյունադարձ կլինի»,- ասում է նա։

-Պարոն Հովսեփյան, մոտենում է Հայոց ցեղասպանության հիշատակման օրը։ Ավանդական է դարձել այդ օրը սպասելը ԱՄՆ նախագահի հայտարարությանը, որտեղ փնտրվում է եղելության իրական անվանումը՝ «Ցեղասպանությունը»։ ԱՄՆ –ում հայ համայնքը, ինչպես ամեն տարի, այնպես էլ այս անգամ  այս ուղղությամբ աշխատանքներ է, արդեն 100-ից ավելի կոնգրեսականներ կոչ են արել Ջո Բայդենին վերջ դնել ԱՄՆ կառավարության «հայերի ցեղասպանության պատմական փաստի առնչությամբ խայտառակ լռությանը և հանցակցությանը»։ Միջազգային մամուլում շատ է խոսվում, որ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Ցեղասպանությունը։ Ձեր սպասումը ԱՄՆ նախագահի այս տարվա ելույթից, ի՞նչ միտումներ կան։

-Երկար տարիներ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրականացումը խիստ անհավանական եմ համարել, բայց այս տարի՝ այս նախագահի օրոք, հավանականություն տեսնում եմ ճանաչման համար։ Վերջին անգամ, որ հայկական փորձը հիշելով՝ որևէ ԱՄՆ նախագահ «ցեղասպանություն» բառն օգտագործել է, եղել է մոտ 35 տարի առաջ, երբ իր մի ելույթում նախագահ Ռեյգանը, ընդհանրապես ցեղասպանությունների մասին խոսելով, հայկականն էլ դրանց շարքում նշել է։ Այս անգամ, եթե մեր հույսերը արդարանան՝ ապրիլի 24-ի կապակցությամբ և պաշտոնական հայտարարության տեսքով «Հայոց ցեղասպաություն» եզրույթն օգտագործվի, կարևոր և հատկանշական անկյունադարձային կլինի։

-ԱՄՆ Սենատն արդեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, ի՞նչ կտա արդեն նախագահ դարձած Ջո Բայդենի կողմից պատմական փաստի ճանաչումը։

-Ճիշտ է, որ 2020-ին ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատները արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դրանց ճանաչումը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ ուժ կստանա, եթե գործադիրը ևս այն ընդունի։ Իսկ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը մեծ արժեք ունի այն իմաստով, որ Թուրքիայի հովանավոր և ռազմավարական դաշնակիցը նրան ցեղասպանության մեջ է մեղադրելու։ Կա՞ այսօր պետություն, որի գլխավոր գործընկերները նրան լրջագույն ոճիրի մեջ են մեղադրում։ Չկա, և ուստի դա կարևոր հանգրվան է մեզ համար որպես ազգ, որը մի ամբողջ հարյուրամյակ Ցեղասպանության ճանաչման համար պայքարել է։ Բացի իր հույժ կարևոր խորհրդանշական արժեքից, այն մեզ կտա Հայ դատը և իրավունքները օրինական ճանապարհով պաշտպանելու կարողություն ԱՄՆ դատարանների մեջ։

-Պարո՛ն Հովսեփյան, սփյուռքի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին զուգահեռ նկատելի է, որ այսօրվա ՀՀ իշխանությունները չեն խորշում խոսել Թուրքիայի հետ բաց սահմաններ ունենալու, հարաբերություններում «շտկումներ անելու», «հնարավորություններ գտնելու» մասին։ Այն էլ այն դեպքում, երբ Թուրքիան մեծ դեր խաղաց արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գործում։ Դուք ի՞նչ գնահատական կտաք ՀՀ-ի կողմից նման հայտարարություններին, արդյոք դրանք չեն խաթարո՞ւմ նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

-Թեև ՀՀ պաշտոնական հայտարարությունից կամ կեցվածքից տեղյակ չեմ, որտեղ միտումնավոր նսեմացվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, այդուհանդերձ, այս նուրբ ժամանակներում Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացման մասին պաշտոնյաների խոսքերը առնվազն սխալ ժամանակում արված հայտարություններ են։ Վերջապես, արդեն մեկ ամիս և ավելի է, որ բոլորին հայտնի է՝ քայլ առ քայլ մոտենում ենք ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, և այդ ընթացքում հանրային կերպով հարաբերությունների մերձեցման մասին խոսելը կարող է վտանգել ամեն ինչը և խորտակել մեր ճիգերը։ Մենք ունենք նմանօրինակ փորձառություն, երբ 2009-ի հայ-թուրքական արձանագրությունները նախաձեռնելով, ՀՀ նախկին իշխանությունները ոսկե առիթ տվեցին նախագահ Օբամային, որպեսզի ամերիկահայությանը տված իր խոստումից հետ կանգնի և չճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես պարտվակ ներկայացնելով, թե իբր չի ցանկանում վտանգել հայ-թուրքական մերձեցման ճիգերը։ Հետևաբար, հիա արդեն Բայդենի վարչակազմի համար շատ հստակ է, թե որոնք են ամերիկահայության առաջնահերթությունները, և թե ինչ-ինչ պատրվակներով ճանաչումից խուսափելը աններելի կլինի։

-Ձեր տպավորութամբ՝ որտե՞ղ եք մենք հասել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում, արդյոք կա՞ հիմա հնարավորություն Թուրքիայից պահանջելու ընդունել պատմական փաստը և փոխհատուցել սերունդներին պատճառված վնասը։

-Քաղաքական հասունությունը և իրատեսությունը միշտ էլ մեզ հուշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու իր մեղքի ընդունումը՝ լինի դա իր կամքով, թե պարտադրանքով, երկար ժամանակի պայքար է ենթադրելու։ Հուսալ, թե այդ հարցում հեշտությամբ արդյուքներ կարող են լինել, միամտություն է։ Եվ ուրեմն, եթե մինչև ամբողջական հաջողության հասնելու ուղին իրար հաջորդող քայլեր ունի և օղակներից կազմված շղթա է, ապա ուրեմն մենք քայլ առ քայլ, օղակ առ օղակ մոտենում ենք մեր նպատակին։ Պարզ է, որ վերջիվերջո Թուրքիայի վրա սահմանվելիք պատամիջոցներին և իր կողմից փոխատուցմանը հետամուտ ենք որպես նպատակակետ, և այդ ուղղությամբ Թուրքիայի կարևորագույն և հզոր դաշնակցի կողմից հայերի դեմ գործած ոճիրի ընդունումը, ճանաչումը կարևոր հանգրվան է։ Սա Կիպրոսի կամ Լիբանանի ճանաչում չէ, այլ՝ Թուրքիայի հովանավոր պետության, որի ապագայի դիրքորոշումներն ու քաղաքականությունը մեր համազգային իրավունքների համար տարվող պայքարի համար կենսական դերակատարություն ունեն։ Ուստի քայլ առ քայլ ու վճռականությամբ անկասկած որ պիտի հասնենք արդարության։