ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ Բայդենի վարչակազմին կոչ է անում սատարել Հայաստանին և Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի առավել քան հարյուր անդամներ, ամերիկյան առավելի քան քսան նահանգներից, երկկուսակցական նամակով Բայդենի վարչակազմին կոչ են արել կոնկրետ քայլերով սատարել Արցախի գոյատևմանն ու Հայաստանի անվտանգությանը, տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը։

Երկկուսակցական նամակին մեծ թվով կոնգրեսականների միացման համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մեծ աշխատանք է իրականացրել` համախմբելով համայնքային ռեսուրսը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի՝ կառավարության հետ հարաբերությունների պատասխանատու Թերեզա Երեմյանը նկատում է․ «Բայդենի վարչակազմին Կոնգրեսի հայկական խմբի կողմից  ուղղված նամակում կոնգրեսականների պատկառելի մասնակցությունը էականորեն ամրապնդում է օրենսդիրների շրջանում երկկուսակցական աջակցությունը Արցախին։ Մենք աշխատելու ենք խմբի ղեկավարության և մեր օրենսդիր ընկերների հետ՝ այս հայանպաստ և խաղաղասիրական առաջնահերթությունները գործողությունների վերածելու համար»։

ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է անցած տարի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով։ Կոնգրեսականներն առաջարկում են ԱՄՆ-ի կողմից շտապ գործողություններ՝ հետևյալ առաջնահերթություններով․

·           ԱՄՆ արտակարգ օգնություն, որն Արցախի ժողովրդին հնարավորություն կտա վերակառուցել իրենց համայնքները և վերակազմակերպել իրենց կյանքը՝ առանց հետագա արյունահեղությունից վախի,

·           ԱՄՆ-ի վերաներգրավումը տարածաշրջանային կայուն կարգավորման որոնման մեջ, որը հիմնված է ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա՝ պաշտպանելով Արցախի անվտանգությունը և բացառելով նոր պատերազմի բռնկումը,

·           Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և հակամարտության կարգավորման գործում նրա՝ որպես օրինական բանակցողի ճանաչում,

·           ԱՄՆ ղեկավարության կողմից հայ գերիների ազատ արձակման ապահովում,

·           Ամերիկյան հաշվետվողականություն, ներառյալ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Բաքվին ԱՄՆ օգնության կասեցում և 907-րդ բանաձևի պահանջների կատարում,

·           ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագրեսիայից տեղահանված հայերին օգնություն ցուցաբերում,

·           Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։


ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական նամակի բնագրին կարող եք ծանոթանալ այստեղ։