ԱՄՆ Սենատը սահմանադրական է ճանաչել Թրամփի իմպիչմենտը

ԱՄՆ Սենատը ճանաչել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթացի սահմանադրականությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով քվեարկության արդյունքները:

Պետության նախկին ղեկավարը մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, որոնք հունվարի 6-ին հանգեցրել են Կապիտոլիումի վրա գրոհին:

Քվեարկության արդյունքներով՝ 56 սենատորներ համաձայնել են, որ իմպիչմենտի ընթացակարգը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին, 44 օրենսդիր դեմ է արտահայտվել։ Գործընթացը կշարունակվի չորեքշաբթի՝ փետրվարի 10-ին:

Միևնույն ժամանակ, դեմ քվեարկած հանրապետականները ակնհայտ հասկացրել են, որ մտադիր են հասնել Թրամփի արդարացման: Նախկին նախագահի իմպիչմենտի համար Սենատում անհրաժեշտ է ստանալ 67 ձայն:

Հունվարի 14-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր վաշինգտոնյան անկարգությունների պատճառով Թրամփին իմպիչմենտի ենթարկելու օգտին: Այդ քվեարկությունը Թրամփին պաշտոնանկ անելու երկրորդ փորձն էր: Դեմոկրատներն իմպիչմենտ պահանջելու իրենց որոշումը պայմանավորում են նաև այն հանգամանքով, որ դրանից հետ Թրամփը նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք այլևս չի ունենա: Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ը փորձում է նախագահական լիազորությունների ավարտից հետո իմպիչմենտի գործընթաց իրականացնել:

shantnews.am