117-ամյակին ընդառաջ ֆրանսուհին հաղթահարել է COVID-19-ը

Ֆրանսիացի երկարակյաց Լյուսիլ Ռանդոնը 117-ամյա հոբելյանից կարճ ժամանակ առաջ հաղթահարել է կորոնավիրուսը, հայտնում է ֆրանսիական Var-Matin թերթը։

Ռանդոնի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել հունվարի 16-ին, Տուլոնի ծերանոցում։ Նրա մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանշանի։

Լյուսիլ Ռանդոնը ծնվել է 1904 թվականի փետրվարի 11-ին։ Երիտասարդ տարիքում աշխատել է հոսպիտալում, այնուհետև դարձել միանձնուհի և ընդունել քույր Անդրե անունը։ 2019 թվականին իր ծննդյան օրը նամակ է ստացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսից։

Աշխարհի ամենատարեց բնակչուհին պաշտոնապես ճանաչված է ճապոնացի Կանե Տանական, ով ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին։ Ռանդոնն ամենատարեցների վարկանիշում երկրորդն է։

shantnews.am