Աստղագետները նոր բացահայտում են արել Տիեզերքի գոյության նախնական ժամանակներում գալակտիկաների վերաբերյալ

Աստղագետները բացահայտել են Տիեզերքի գոյության նախնական ժամանակաշրջանում գալակտիկաների գերարագ աճի հավանական մեխանիզմը: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, դա նրանց հաջողվել է Տուկան համաստեղության հնագույն թզուկ գալակտիկաներից մեկում մուգ նյութի կուտակում հայտնաբերելու արդյունքում:

Նման հայտնագործություն են արել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature Astronomy գիտական ամսագրում:

«Մեր բացահայտումը խոսում է այն մասին, որ Տիեզերքի ամենավաղ գալակտիկաներն իրենց մեջ ավելի շատ մուգ նյութ էին պարունակում, քան մենք նախկինում կարծում էինք: Անցյալում ենթադրում էինք, որ չափազանց խամրած և ոչ մեծ օբյեկտներ ենք տեսնում, որոնք գոյություն են ունեցել տիեզերքի կյանքի նախնական  ժամանակահատվածում: Իրականում դրանք շատ ավելի տպավորիչ չափսերի են եղել»,- նշել է ինստիտուտի դոցենտ Աննա Ֆրեբելը:

Տիեզերագետների ներկա պատկերացումների համաձայն՝ առաջին գալակտիկաներն ի հայտ են եկել Մեծ պայթյունից 300-400 մլն տարի անց: Խոշոր գալակտիկաները չափսերով տասնյակ անգամ գերազանցել են Ծիր Կաթինին:

freenews.am