Շվարցենեգերը Թրամփին անվանել է պատմության վատագույն նախագահ և ԱՄՆ ժողովրդավարությունը համեմատել պողպատի հետ

Ամերիկացի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, հանրապետական Առնոլդ Շվարցենեգերը կարծում է, որ Կապիտոլիումի վրա կատարված գրոհից հետո իր կուսակից Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմտնի որպես ԱՄՆ վատագույն նախագահ։ Համապատասխան տեսաուղերձը նա հրապարակել է իր թվիթերյան էջում։

«Նախագահ Թրամփը փորձել է փոխել ընտրությունների, արդար ընտրությունների արդյունքները։ Նա փորձել է կազմակերպել պետական հեղաշրջում՝ մարդկանց համոզելով ստի մեջ։ Նա ձախողել է որպես առաջնորդ և կհիշվի որպես պատմության վատագույն նախագահ»,-ասել է Շվարցենեգերը։

Ուղերձի ժամանակ նա նստել էր գրասեղանի մոտ՝ ձեռքին «Կոնան բարբարոսը» (1982) ֆիլմի սրով։ Նա ԱՄՆ-ում ժողովրդավարությունը համեմատել է պողպատի հետ, որից պատրաստված է այդ սուրը՝ նշելով, որ այն որքան թրծվում է, այնքան ավելի ամուր է դառնում։

shantnews.am