Թրամփը կրկին հայտարարել է, որ Փենսը կարող է փոխել նախագահական ընտրությունների արդյունքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է New York Times-ի հրապարակումն այն մասին, որ փոխնախագահ Մայք Փենսն իրեն տեղեկացրել է նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները փոխելու անհնարինության մասին:

«Փոխնախագահի մեկնաբանությունների վերաբերյալ New York Times-ի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։ Նա երբեք նման բան չի ասել։ Փենսը և ես լիովին համաձայն ենք, որ փոխնախագահն ունի գործելու լիազորություն»,- ասված է Թրամփի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է նրա նախընտրական շտաբը:

Գործող նախագահն ընտրությունները վերստին որակել է «կոռումպացված և սահմանադրությանը չհամապատասխանող»։

Թրամփի խոսքով՝ ամերիկյան սահմանադրությունը Փենսին «գործելու մի շարք հնարավորություններ է տալիս», մասնավորապես՝ վերջինս կարող է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքների հավաստագրումը։

Փենսը Սենատի նախագահի իր պաշտոնական կարգավիճակում պետք է այսօր Կոնգրեսի երկու պալատների հետ հաստատի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները։

Պաշտոնական տվյալներով՝ նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, որը հավաքել է ընտրիչների 306 ձայն: Թրամփը չի ընդունում իր պարտությունը։

tert.am