ԱՄՆ-ում 7-ամյա տղան այրվող տան պատուհանից մտել է սենյակ և փրկել փոքրիկ քրոջը

Ամերիկյան Թենեսի նահանգում բնակվող 7-ամյա տղան փրկել է 22 ամսական քրոջ կյանքը, երբ տունը սկսել է հրդեհվել:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, երեկոյան ընթրիքից հետո Քրիս և Նիկոլ Դևիդսոններն իրենց 3 երեխաներին պառկեցրել են քնելու և իրենք էլ քնով են անցել: Կեսգիշերին ընտանիքի մայրն արթնացել է ծխի հոտից՝ հայտնաբերելով, որ տունն այրվում է:

Ծնողները հաջողացրել են վերցնել երկու որդիներին՝ 7-ամյա Էլիին, որը մեկ տարի է, ինչ գտնվում է իրենց խնամակալության տակ և 2-ամյա Էլիջային: Իսկ փոքրիկ աղջնակը փակված է մնացել իր սենյակում:

Ընտանիքի հայրը փորձել է դրսից մոտենալ սենյակին, սակայն պատուհանի մոտ բարձրանալու համար որևէ հարմարանք չի գտել: Դրանից հետո նա որոշել է 7-ամյա տղային բարձրացնել վերև, որն էլ պատուհանից ներս է մտել և գրկել ու դուրս բերել փոքր քույրիկին:

«Մտածում էի, որ չեմ կարողանա անել դա, բայց հետո ասացի. «Հայրիկ նա ինձ մոտ է»: Ես վախեցած էի, բայց չէի ուզում, որ քույրիկս մահանա»,- ասել է փոքրիկ ամերիկացին հեռուստաալիքի հետ զրույցում:

tert.am