Բայդենն ուղիղ եթերում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (տեսանյութ)

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն ուղիղ եթերում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և ամերիկացիներին հավաստիացրել, որ այն անվտանգ է, հաղորդում է CNN-ը։

«Մենք շատ բան ենք պարտական այս մարդկանց»,-ասել է Բայդենը՝ շնորհակալություն հայտնելով պատվաստանյութը մշակողներին և բուժաշխատողներին։

Բայդենի խոսքով՝ հրապարակային պատվաստման նպատակը մարդկանց մեջ պատվաստանյութի հանդեպ վստահություն առաջացնելն է։

«Ես անհամբերությամբ սպասում եմ իմ երկրորդ չափաբաժնին, Ջիլը՝ նույնպես (Բայդենի կինը)», – ասել է նա։

Միևնույն ժամանակ Բայդենը ամերիկացիներին կոչ է արել լսել հանրային առողջապահության փորձագետների կարծիքը, դիմակներ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել, ինչպես նաև սուրբծննդյան տոներին ճանապարհորդել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ «ուրախ կլինի» հրապարակայնորեն պատվաստվել, իսկ ԱՄՆ-ի ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ABC հեռուստաընկերության եթերում վերջինիս խորհուրդ էր տվել պատվաստվել նախքան երդմնակալությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պարենի և դեղորայքի որակի վարչությունը (FDA) հաստատել է Pfizer և BioNTech ընկերությունների կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը։ Նշվում է, որ այն ցույց է տվել անվտանգության պատշաճ մակարդակ, և որ օգտագործման համար խոչընդոտներ չկան:

tert.am