«Կարմիր գոտի». Իտալիայում Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ համապետական կարանտին է հայտարարվել

Ամանորյա տոների ընթացքում՝ դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը, ամբողջ Իտալիան կդառնա «կարմիր գոտի»: Սա նշանակում է, որ երկրում նախատեսվում է համապետական կարանտին մտցնել, ինչպես դա արվել էր դեռ մարտին: Այս որոշման մասին ուրբաթ օրը հայտարարել է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, գրում է ՏԱՍՍ-ը:

Այս առնչությամբ պաշտոնյան ասել է. «Ամբողջ Իտալիան «կարմիր գոտի է դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը: Սա ենթադրում է տանից անհարկի դուրս գալու արգելք»:

Նշվում է, որ բոլոր խանութները փակ կլինեն, բացառությամբ մթերային խանութների և դեղատների: Արգելվում է մարզից մարզ տեղափոխվել: Բարերը և ռեստորանները ևս չեն գործի:

Վարչապետը նշել է, որ խորհուրդ է տրվում արձակուրդներն անցկացնել միայն ընտանիքի անդամների հետ, որոնց հետ իտալացիները մշտապես են բնակվում: Այնուամենայնիվ, թույլատրվում է ընդունել երկու հյուր`մինչև 14 տարեկան երեխաների ուղեկցությամբ:

Վարչապետը հավելել է նաև, որ դեկտեմբերի 28-ից դեկտեմբերի 30-ը և հունվարի 4-ը թույլատրվում են նվազագույն զիջումներ: Մասնավորապես, խանութները կկարողանան բացվել (մինչև 21:00) և հնարավոր կլինի լքել մշտական բնակության քաղաքը: Այնուամենայնիվ, ցանկացած տեղափոխություն պետք է հիմնավորված լինի:

«Պետությունը չի կարող վերահսկել այն, ինչ տեղի է ունենում տներում, բայց մեր միջոցառումներն ուղղված են հնարավորինս սահմանափակել տեղաշարժը», – բացատրել է  Կոնտեն:

Վարչապետը պարզաբանել է նաև, որ այս միջոցառումներն իրականացնելիս կառավարությունն առաջնորդվել է մասնագետների նկատառումներով և եզրակացություններով, որոնք նախազգուշացնում են վարակների աճի ռիսկի մասին:

Հիշեցնենք՝ հունվարի 21-ից կառավարությունն արդեն իսկ արգելել էր շրջանների միջև տեղաշարժը, ինչպես նաև պարետային ժամ էր սահմանել, այդ թվում ՝ Ամանորի նախօրեին: Նախկին հրամանագրի համաձայն, ռեստորանները կարող էին աշխատել ճաշի ժամին, Սուրն ծննդյան օրը և հունվարի 1-ին:

«Կարմիր Սուրբ ծննդյան» մասին կատակներն արդեն մեծ տարածում են գտել Իտալիայում: Այս գույնը ավանդական է կաթոլիկական գլխավոր տոնի համար: Տոնն ընդունված է անցկացնել ընտանիքի բոլոր անդամների հետ: Շատերը նույնիսկ գալիս են տարբեր քաղաքներից, որպեսզի մասնակցեն տարեկան ընտանեկան հավաքույթին:

tert.am