Առնո Բաբաջանյանի անունով ՌԴ-ում տանկեր է անվանակոչվել

Օգոստոսի 9-ին նշանավոր կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի նախօրեին Վլադիվոստոկում տեղի է ունեցել անդրօվկիանոսյան տանկերը կոմպոզիտորի անունով կոչելու հանդիսավոր արարողություն: Այդ մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը:

Հանդիսավոր արարողության ժամանակ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել կոմպոզիտորի հիշատակին նվիրված նախաձեռնության հեղինակներին:

Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Առնո Բաբաջանյանն այսօր էլ շարունակում է մնալ հայ–ռուսական բարեկամության խորհրդանիշ, իսկ նրա երաժշտական ժառանգությունը Հայաստանի, Ռուսաստանի և նախկին խորհրդային մյուս հանրապետությունների ժողովուրդների մշակութային ձեռքբերումն է։

Բացման արարողությանը մասնակցել են Պրիմորյեի երկրամասի կառավարության ղեկավարի տեղակալ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարկիսյանցը, Կամչատկայի երկրամասում «Ռուսաստանի հայերի միության» մարզային միավորման ղեկավար Արթուր Խաչատրյանը և այլոք։

Միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով: Հնչել են Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները:

Աղբյուրը՝ shantnews.am