Հնարավոր է պատերազմ Հունաստանի և Թուրքիայի միջև

ՆԱՏՕ-ի երկու անդամների միջև պատերազմի վտանգն այսքան բարձր չէր եղել սկսած Կիպրոսի հակամարտությունից` ավելի քան քառասունհինգ տարի առաջ, նշվում է The National Interest պարբերականի հոդվածում: Նախկինում Թուրքիան և Հունաստանը մոտեցել են անդունդի եզրին, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած քաղաքականությունը կարող է առաջացնել շատ ուժեղ լարվածություն երկու հարևանների միջև:

Խոսքը երկու փոխկապակցված խնդիրների մասին է՝ Լոզանի պայմանագրից հրաժարվելու Էրդողանի փորձերի և Թուրքիայի տնտեսությունը փրկելու համար ռեսուրսներ գտնելու նրա աճող հուսահատության մասին։

Լոզանի պայմանագիրը ստորագրվել է իննսունյոթ տարի առաջ՝ հուլիսի 24-ին, Օսմանյան կայսրության փլուզումից հետո հարակից երկրների հետ սահմանները հաստատելու համար։ Ինչպիսին էլ լինեն այդ սահմանների թերությունները, հետլոզանյան համակարգն ապահովեց գրեթե հարյուրամյա կայունություն։

Էրդողանն արդեն նախապատրաստել է հիմք Լոզանի պայմանագրից հրաժարվելու համար։ 2017-ի դեկտեմբերին Էրդողանը ցնցեց հունական լսարանը, երբ իր այցի ժամանակ հնչեցրեց այդ գաղափարը։ Պետության կողմից վերահսկվող թուրքական թերթերը խաղի մեջ են մտել՝ ցույց տալով հարևան պետությունների հաշվին վերանայված Թուրքիայի սահմանները։

Նրա վերջին հետլոզանյան հարվածն ամենավտանգավորն է։ Թուրքիան Oruc Reis սեյսմահետախուզական նավ է ուղարկել հունական կղզիները շրջապատող ջրերում աշխատելու համար։ Թուրքիան ունի տարածաշրջանում ամենամեծ նավատորմը և խոստանում է ուղեկցել Oruc Reis-ը։ Նման ակցիան անօրինական է և սադրանքի բնույթ է կրում։ Ըստ էության, Թուրքիան ձգտում է վերանայել ոչ միայն միջազգային իրավունքը, այլև Էգեյան ծովում հարյուրավոր հունական կղզիների ռեսուրսների նկատմամբ պոտենցիալ վերահսկողությունը։

Եվրոպական առաջնորդները նաև ընդունում են, որ սա միայն Էգեյան ծովի մասին վեճ չէ։ 2019 թվականի նոյեմբերին Թուրքիան Լիբիայի հետ համաձայնագիր է ստորագրել երկու երկրների միջև համատեղ ծովային սահման հաստատելու մասին, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Թուրքիան անտեսի հունական կղզիները՝ ընդհուպ մինչև Կրետե:

Պատահական չէ, որ Էրդողանը կասկածի տակ է դնում գրեթե մեկ դար առաջ սահմանված սահմաններում ապրելու Թուրքիայի հանձնառությունը և ոտնձգություն է կատարում հունական և կիպրական ջրերի վրա։ Նա ոչ միայն Սուրբ Սոֆիայի բազմադարյա տաճարը թանգարանից վերածեց մզկիթի, այլև առաջին պաշտոնական նամազը նշանակեց հուլիսի 24-ին՝  Լոզանի պայմանագրի տարեդարձի օրը: Էրդողանի համար պարզապես չկա Թուրքիայի կողմից հետլոզանյան կարգուկանոնի մերժումը սիմվոլիկ կերպով ցուցադրելու ավելի լավ միջոց։