Հրապարակվել է Դոնալդ Թրամփի 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը

ԱՄՆ նախագահի ֆինանսական գործերի մասին կառավարական էթիկայի գրասենյակը հրապարակել է Դոնալդ Թրամփի 2019 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, գրում է CNN-ը։

78 էջանոց փաստաթղթում ներկայացվում են նախագահի եկամուտների և վարկերի մասին տվյալները։ Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Ֆլորիդայում «Մար ա Լագո» շքեղ հանգստավայրի շահույթը  2019 թվականին կազմել է մինչև 21,4 միլիոն դոլար: Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող նրա հյուրանոցի շահույթը 2019 թվականին կազմել է 40,5 միլիոն դոլար։

Նշվում է որ փաստաթղթում ներկայացված են 2019 թվականի տվյալները, այդ պատճառով դրանցում չի արտացոլվում նախագահի բիզնեսի վրա կորոնավիրուսի ազդեցությունը։

ԱՄՆ ղեկավարը նաև հայտնել է Բեվերլի Հիլզում առանձնատան վաճառքից 13,5 մլն դոլար ստանալու մասին: Բացի այդ, Թրամփը նաև եկամուտ է ստացել «Գործարքներ կնքելու արվեստը» գրքի համար՝ տարեկան ավելի քան 100 հազար դոլարի չափով:

Wall Street Journal թերթի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի ընդհանուր բիզնեսը 2019 թվականին բերել է 446 մլն դոլար, ինչը 2,6 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի:

Tert.am