Երևանն ու Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից․ Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Երևանին և Բաքվին կոչ է արել ձեռնպահ մնալ չմտածված գործողություններից: Այս մասին նա գրել է «Вконтакте»-ի իր էջում։

Մեդվեդևը տեղեկացրել է, որ ՌԴ նախագահի ղեկավարությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ խորհրդակցությունը:

«Քննարկվել է Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այդ հանրապետությունների սահմանին շարունակվող լարվածության լույսի ներքո: Երևանն ու Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»,- նշել է նա։

ԱԽ նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շատ զգայուն է Ռուսաստանի համար:

«Մեր հարաբերություններն ԱՊՀ որոշ երկրների հետ և, ինչը պակաս կարևոր չէ, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, որը շատ զգայուն է մեզ համար»,-ասել էր Պուտինը՝ առաջարկելով քննարկման հարցերը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 5: Կան վիրավորներ:

tert.am