«Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային». Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Մարթա Ռոզիք

Իսպանիայի խորհրդարանի կատալոնացի պատգամավոր Մարթա Ռոզիքը թվիթերյան իր օգտահաշվում կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգություններին և սադրիչ հարձակումներին և իր աջակցությունն է հայտնել Արցախի Հանրապետության պատգամավորներին:

«Ես իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետության պատգամավոր իմ գործընկերներին` կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերին տեղի ունեցող բռնության աճի հետ: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային` հանուն մարդու իրավունքների ինքնորոշման իրավունքի պաշտպանության»,-գրել է Ռոզիքը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: