«Մենք աչք ենք փակում այդ ամենի վրա․ նրանք նավթ ունեն»․ Շերը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը

Աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը՝ ավելի քան 5 տասնամյակ երգչուհու կարիերա ծավալող Շերիլին Սարգսյանը թվիթերյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։

Աշխարհահռչակ երգչուհին ռեթվիթ է արել Twitter-ի հայ օգտատերերից մեկի գրառումն այն մասին, որ Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել Հայաստանի ատոմակայանին։

«Նրանք հայերին սպանում էին նախքան իմ՝ այնտեղ այցը։ Մենք աչք ենք փակում այդ ամենի վրա։ Նրանք նավթ ունեն»,- գրել է երգչուհին։

Հիշեցնենք, որ նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության վերաբերյալ գրառումներ էին կատարել և իրենց աջակցությունն էին հայտնել Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին, հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ հումորիստ և կատակերգական ժանրի դերասան Միխայիլ Գալուստյանը և այլք։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր։