Բոլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայն ու նրա դուստրը հոսպիտալացվել են կորոնավիրուսի ախտորոշումից օրեր անց

Բոլիվուդյան հանրահայտ դերասանուհի, «Միսս աշխարհ 1994» տիտղոսին արժանացած Այշվարիա Ռայ Բաչչանը և նրա դուստր Արադհիան հոսպիտալացվել են Մումբայում: Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով քաղաքի իշխանություններին, նրանց հիվանդանոց են տեղափոխել ուրբաթ:

Հիշեցնենք, որ դերասանուհու և նրա դստեր մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել անցյալ շաբաթվա վերջին: Իսկ դրա նախօրեին կորոնավիրուսով հիվանդանոց էին տեղափոխվել նաև դերասանուհու ամուսինն ու սկեսրայրը՝ դերասաններ Աբհիշեկ և Ամիթաբհ Բաչչանները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայր ու որդի գտնվում են հիվանդանոցի մեկուսացման բաժանմունքում:

Ամիթաբհ Բաչչանը հոսպիտալացումից հետո գրառում է հրապարակել սոցցանցում՝ շնորհակալություն հայտնելով բազմաթիվ երկրպագուներին իրենց ուղղված աջակցության խոսքերի և բարեմաղթանքների համար:

Նշենք, որ Հնդկաստանն աշխարհում երրորդն է կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշով: Ասիական երկրում հայտնաբերվել է վարակման 1 053 552 դեպք, որոնցից 26 467-ը՝ մահվան ելքով:

tert.am